Թրամփը ստորագրել է Էփշթեյնի գործով նյութերը հրապարակելու մասին օրինագիծը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Կոնգրեսի կողմից հաստատված օրինագիծը, որով նախատեսվում է հրապարակել մանկապղծության մեջ մեղադրվող ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի գործի վերաբերյալ նյութերը։ Այս մասին Թրամփը գրառում է կատարել Truth Social-ի իր էջում։
Թրամփը նշել է, որ ֆինանսիստը, ով 2019 թվականին ինքնասպանություն է գործել, հազարավոր դոլարներ է նվիրաբերել Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչներին։
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Էփշթեյնը սերտ կապեր է ունեցել այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը և Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը։
«Ճշմարտությունն այդ դեմոկրատների մասին և նրանց կապը Ջեֆրի Էփշթեյնի հետ կարող է շուտով ի հայտ գալ, քանի որ ես հենց նոր ստորագրել եմ օրենքը Էփշթեյնի ֆայլերը հրապարակելու վերաբերյալ»,- նշել է նա։
Օրինագծի համաձայն՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը նյութերը պետք է հրապարակի 30 օրվա ընթացքում։
Նոյեմբերին դեմոկրատները հրապարակել էին Էփշթեյնի էլեկտրոնային նամակագրությունից հատվածներ նրա մի քանի ծանոթների և մտերիմ գործընկերների հետ։ Այդ նամակագրությունից հետո սկսվեցին ենթադրություններ այն մասին, որ Թրամփը կարող էր տեղյակ լինել ֆինանսիստի հանցագործությունների մասին։
Սպիտակ տունը դեմոկրատների գործողությունները բնութագրեց որպես նախագահին զրպարտելու փորձ։
Էփշթեյնը ձերբակալվել է Նյու Յորք նահանգի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի հուլիսի 6-ին։
Դատախազությունը հայտարարել էր, որ ունեն ապացույցներ, որ 2002-2005 թվականներին Էփշթեյնը իր Մանհեթենի տուն այցելություններ է կազմակերպել տասնյակ անչափահաս աղջիկների համար, ամենափոքրը՝ 14 տարեկան։
Էփշթեյնի ընկերների և ծանոթների շրջանում մեծ թվով գործող և նախկին պաշտոնյաներ են եղել ոչ միայն ԱՄՆ-ից, այլև շատ այլ երկրներից, այդ թվում՝ պետությունների նախկին ղեկավարներ, հայտնի գործարարներ և շոու-բիզնեսի աստղեր։ ԱՄՆ-ում ֆինանսիստի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց 2019 թվականի օգոստոսին՝ բանտախցում նրա ինքնասպան լինելուց հետո։

