Բաժիններ՝

Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավային շրջաններին. կան զոհեր

Լիբանանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ իսրայելական ուժերի կողմից Լիբանանի հարավում գտնվող ատ-Տիրի գյուղաքաղաքում մեքենայի վրա հարձակման հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ ևս 11 մարդ: Իսկ փախստականների ճամբարին հարվածի հետևանքով Լիբանանում 13 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Ատ-Տիրիում ավիահարվածի հետևանքով թիրախավորված մեքենան բռնկվել է: Հարվածից վնասվել է նաև դպրոցական ավտոբուսը, որն այդ պահին անցելիս է եղել հարձակման վայրի մոտով։ Մի քանի աշակերտներ, ինչպես  նաև ավտոբուսի վարորդը վիրավորների թվում են։ Բացի այդ, իսրայելական ուժերը անօդաչու թռչող սարքից մի քանի ականանետային արկերով թիրախավորել են Բլիդա բնակավայրի տներից մեկը՝ պատճառելով նյութական վնասներ։

Մարդկային կորուստներ չեն գրանցվել։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 18-ի երեկոյան, Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրի հարավային Սայդա քաղաքում գտնվող Այն ալ-Հալուա պաղեստինյան փախստականների ճամբարին Իսրայելի հասցրած ավիահարվածի հետևանքով 13 մարդ է զոհվել։

Թիրախավորվել է ճամբարում գտնվող Խալիդ բին ալ-Ուալիդ կենտրոնը։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ թիրախավորել է ՀԱՄԱՍ-ի անդամներին՝ նշելով, որ շարժումն օգտագործել է կենտրոնը Իսրայելի դեմ ահաբեկչական դավադրություններ պլանավորելու և իրականացնելու համար։

ՀԱՄԱՍ-ն իր հերթին հերքել է Իսրայելի պնդումները՝ նշելով, որ իսրայելական ուժերը թիրախավորել են Այն ալ-Հալուա փախստականների ճամբարի բաց մարզադաշտը, և հերքել է Լիբանանում պաղեստինցի փախստականների ճամբարներում որևէ ռազմական օբյեկտի առկայությունը։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին՝ 2024 թ. նոյեմբերի 27-ից մինչև 2025 թ. նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում Իսրայելի կողմից օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը կազմել է 5163։

Հարձակումների հետևանքով զոհվել է 309, վիրավորվել՝ ևս 598 Լիբանանի քաղաքացի։

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս