ԱՄՆ-ն պատրաստվում է երկու մրցակցի հետ հնարավոր միջուկային դիմակայության. WSJ

Աշխարհը մտել է միջուկային սպառազինությունների մրցավազքի նոր փուլ, և Միացյալ Նահանգները պետք է միաժամանակ հաշվի առնի երկու հավասարապես հզոր մրցակցի՝ Չինաստանի և Ռուսաստանի սպառնալիքները. գրում է The Wall Street Journal-ը։

Պեկինը, որը երկար ժամանակ տիրապետում էր համեմատաբար համեստ միջուկային զինանոցի, ակտիվորեն ընդլայնում է հնարավորությունները և կարող է գրեթե հավասարվել ԱՄՆ-ի հետ արդեն 2030-ականների կեսերին: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը մշակում է միջուկային համակարգերի նոր սերունդ՝ նախատեսված ԱՄՆ-ի տարածքում թիրախներին հարվածելու համար։

Ընդսմին, Չինաստանը, ի տարբերություն Մոսկվայի և Վաշինգտոնի՝ միջազգային զենքի վերահսկման համաձայնագրեր չի ստորագրում և ազատ է ընդլայնելու իր զինանոցը: Մասնագետները գնահատում են, որ ԱՄՆ-ն ունի 5117 միջուկային մարտագլխիկ (ներառյալ շահագործումից հանվածները), Ռուսաստանը՝ 5459, իսկ Չինաստանը՝ մոտավորապես 600: Հյուսիսային Կորեան, որը տիրապետում է մոտավորապես 50 մարտագլխիկի, նույնպես շարունակում է զարգացնել իր հրթիռները և ստորջրյա արձակման հրթիռային համակարգերը։

Ինչպես գրում է պարբերականը՝ ամերիկյան միջուկային արդիականացման ռազմավարությունը հիմնված էր այն ենթադրության վրա, որ Ռուսաստանից, Չինաստանից և Հյուսիսային Կորեայից սպառնալիքները կայուն կմնան։ Սակայն այս գնահատականներն այժմ համարվում են սխալ։ Ըստ Պենտագոնի նախկին պաշտոնյա Մեթյու Քրենիգի՝ աշխարհը մտնում է «երրորդ միջուկային դարաշրջան», որը ավելի ու ավելի է նմանվում Սառը պատերազմին։

Wall Street Journal-ի տվյալներով՝ Չինաստանը չի շտապում բանակցություններ վարել զենքի վերահսկողության շուրջ՝ նախ ձգտելով հասնել հավասարության Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ։ Չինացի վերլուծաբաններից ոմանք բացահայտորեն հայտարարում են, որ ձգտում են զարգացնել այնպիսի կարողություններ, որոնք կբացառեն Չինաստանի դեմ Միացյալ Նահանգների միջուկային զենք օգտագործելու հնարավորությունը։

Ուկրաինայում պատերազմի պայմաններում Մոսկվան պարբերաբար դիմում է միջուկային հայտարարությունների՝ ձգտելով ազդել Կիևին Արևմուտքի աջակցության վրա։ Սակայն փորձագետները նշում են, որ հայտարարված ռուսական համակարգերի մի շարք, դրանց թվում՝ «Буревестник»-ն ու «Посейдон»-ն, իրականում պատրաստ չեն գործնական կիրառման և ավելի շատ ծառայում են որպես ճնշման գործիքներ։

Ինչպես նշել է Օսլոյի համալսարանի Ֆաբիան Հոֆմանը, ռուսական զարգացումները հաճախ զսպող ազդեցություն են ունենում, մինչդեռ Չինաստանն ապավինում է մարտագլխիկների և միջմայրցամաքային հրթիռների թվի հետևողական աճի վրա։

Հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հանձնարարեց պատրաստվել միջուկային փորձարկումների վերսկսմանը «ի պատասխան այլ պետությունների ծրագրերի»։ Նոյեմբերի 15-ի գիշերը նա հայտարարեց, որ փորձարկումները կարող են տեղի ունենալ «բավականին շուտով», բայց չմանրամասնեց, թե ինչ տեսակի փորձարկումների մասին է խոսքը։

Տեսանյութեր

Լրահոս