Հունգարիայի վարչապետը սկսել է իր «հակապատերազմական քարոզչական շրջայցը»
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սկսել է մեկշաբաթյա «հակապատերազմական քարոզչական շրջայցը», եվրոպական երկրների՝ Ուկրաինային ցուցաբերվող աջակցության քննադատությունը վերածելով նախընտրական ուղերձի՝ հաջորդ տարի կայանալիք ընտրություններից առաջ, գրում է The Guardian-ը։
Տարվա ավարտին Վիկտոր Օրբանը նախատեսում է մի շարք միջոցառումներ անցկացնել հինգ քաղաքներում, որը մեկնարկել է շաբաթ օրը՝ հյուսիսարևմտյան Դյոր քաղաքում կայացած հավաքով։
«Ով խաղաղություն է ուզում՝ կմիանա մեզ», – գրել է աջակողմյան «Ֆիդես» կուսակցության առաջնորդը Facebook-ում՝ միջոցառման մեկնարկից առաջ։
Միտինգների շարքը սկսվել է Օրբանի՝ Վաշինգտոն կատարած այցից մեկ շաբաթ անց, որտեղ նա հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Թրամփը համաձայնել է մեկ տարով ազատել Հունգարիան ԱՄՆ պատժամիջոցներից, որոնք վերաբերում են Ռուսաստանից նավթի և գազի ներմուծմանը։ Այս համաձայնությունը դիտարկվել է որպես աջակցություն Օրբանին, որը 15 տարի է՝ իշխանության է, և որի երկիրը ներկայում տնտեսական անորոշության է բախվում։
Տեղեկացված աղբյուրների փոխանցմամբ, Օրբանի այցի առաջնահերթ նպատակներից մեկն էլ եղել է համոզել Թրամփին այցելել Հունգարիա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի հետ Օրբանը պահպանել է կապեր՝ չնայած եվրոպական մի շարք կառավարությունների դժգոհությանը։
Հունգարացի առաջնորդը բազմիցս նախազգուշացրել է պատերազմի սրման վտանգների մասին և հույս ունի, որ իր «հակապատերազմական» ուղերձը կթուլացնի ընդդիմության դիրքերը՝ նախքան 2026 թվականի ապրիլին կայանալիք ընտրությունները։
Սակայն նույն օրը Դյորում այլ միջոցառում է կազմակերպել նաև «Ֆիդես» կուսակցության նախկին անդամ Պետեր Մադյարը, որի «Տիսա» կուսակցությունը ներկայումս առաջատար դիրքերում է որոշ անկախ հասարակական հարցումներում։
««Ֆիդեսը» պատերազմի և ատելության կուսակցություն է, մինչդեռ «Տիսան» գործում է հանուն խաղաղության՝ թե՛ երկրի ներսում, թե՛ ամբողջ աշխարհում», – գրել է նա Facebook-ում։
Օրբանը ներկայանում է որպես բանականության ձայն՝ ընդդեմ նրան, ինչը համարում է Ուկրաինային զինելու ԵՄ-ի ձախողված ռազմավարություն։ Սակայն նրա ընդդիմախոսները՝ թե՛ երկրի ներսում, թե՛ ԵՄ-ում, կարծում են, որ այս աջակողմյան քաղաքական գործիչը չափազանց սերտ կապեր ունի Պուտինի հետ և նրան անվանում են Կրեմլի «տրոյական ձի» եվրոպական բլոկում։

