Բանակում ուրիշ երկրի ազդեցության գործակալների մասին է խոսում, եթե բանը հասել է էդտեղ, էկեք մի հատ փորձենք ցուցակ կազմել. Փաշինյան

ԱԺ ում «ՀՀ 2026թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, որ` «Նիկոլ Փաշինյանը բարձրագույն պաշտոնի է նշանակել մեկին, որը, չի բացառվում, որ գործակալ է»:

«Ընդդիմության պատգամավորն ինձ մեղադրեց, որ ես այլ երկրի ազդեցության գործակալին Զինված ուժերում բարձր պաշտոններ եմ տվել: Դա երեկ էր: Էսօր այս ամբիոնից նույն մարդուն պաշտպանեց՝ որպես հալածյալ: Սա ինչի մասին է վկայում: Սա վկայում է, որ ի հեճուկս անձնական որոշակի խնդիրների, իրենք ուղղակի նույն կարգավիճակում են, նույն տեղից հրահանգը ստանում են, թե ում է պետք պաշտպանել, ում պետք չի պաշտպանել:

Այս ընտրություններում այդ խնդիրը պետք է լուծվի, որովհետև ինչպես կարող ենք կռահել այդ նույն ելույթներից և հաջորդականությունից, այս քաղաքական ուժերը և նրանց առաջնորդները նույնպիսի, ենթադրաբար, ազդեցության գործակալներ են Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այս քննարկումներն ամբողջը դրա մասին են ցույց տալիս։

Եվ ես ուզում եմ, որ այս ամբիոնից մենք խոսենք 2018 թվականի և 2025 թվականի Հայաստանի մասին, որովհետև այդ մարդիկ՝ ենթադրաբար այլ երկրի ազդեցության գործակալները, ուզում են զզվանք, քամահրանք, արհամարհանք ներշնչեն այսօրվա Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- հայտարարել Փաշինյանը և խոսեց 2018 թվականի և այսօրվա Հայաստանի տարբերությունների մասին՝ պնդելով, որ «2018 թվականի դրությամբ Հայաստանը գտնվում էր այդ նույն երկրի գրպանում, որի ազդեցության գործակալներն են թվարկած անձինք (նկատի ունի նախկին նախագահներին։- Մ.Պ.)»:

Կարդացեք նաև

«Այսօր Հայաստանը ոչ միայն անկախ պետություն է, այլև Հայաստանն ունի ինքնիշխան կամքի կենտրոն և կարող է որոշումներ կայացնել: Իսկ ինչպես է Հայաստանը հայտնվել այդ գրպանում, մի գործիքով մենակ՝ Ղարաբաղի հարցով: Ուրիշ որևէ պատճառ և բացատրություն դրան չկա: Բանակում ուրիշ երկրի ազդեցության գործակալների մասին է խոսում, եթե բանը հասել է էդտեղ, էկեք մի հատ փորձենք ցուցակ կազմել 2018 թվականի դրությամբ այդ երկրի ազդեցության գործակալ հանդիսացողների և չհանդիսացողների, ընդ որում, սա անձնավորված չի, ամենայն հարգանքով բոլորին:

Բայց 2018-ին էլ, 2019-ին էլ, 2020-ին, 2021-ին, մինչև 2022-ը ներառյալ՝ մեր բանակի սոցիալ-հոգեբանությունը, մտածողությունը, եղել է ազդեցության գործակալի։ Մեր բանակում չի եղել ինքնիշխան կամքի կենտրոն: Ես չեմ ասում, որ բոլորը եղել են ազդեցության գործակալ, ես մթնոլորտի մասին եմ խոսում, ես տրամադրության մասին եմ խոսում, ընկալման մասին եմ խոսում: Եվ սա է ճշմարտությունը, և սրա հետ պետք է առերեսվենք»,- շարունակել է Փաշինյանը:

Հավելենք, որ 2023 թվականի մարտին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Ես հիմա մի բան եմ ասելու, որը շատ մեծ աղմուկ է առաջացնելու: Եվ դա իմ այս պահի գնահատականն է՝ հիմնված փաստերի վրա: Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն: Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում: Եթե ուշադիր նայեք, դուք ինքներդ այդ փաստերը կտեսնեք: Կարծում եմ, որ այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս արած հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, ինչքան տարօրինակ է թվացել»:

Իսկ 2023 թվականի նոյեմբերին արդեն ուղիղ եթերում Փաշինյանը պնդել էր, թե բանակում ազատվել են հինգերորդ շարասյունից:

«Այո, ըստ էության, ես համարում եմ, որ մենք այսօր բանակում ազատվել ենք հինգերորդ շարասյունից»,- շեշտել էր նա:

Այսինքն, Փաշինյանն ընդունում է, որ իր կուսակից Սուրեն Պապիկյա՞նն է բանակը «մաքրել» 5-րդ շարասյունից, երբ այսօր էլ բանակում պաշտոններ են զբաղեցնում կամ ծառայում դեռ նախկին նախագահների պաշտոնավարման ժամանակահատվածից զինված ուժեր մտած զինվորականներ:

Տեսանյութեր

Լրահոս