«ԱԺ-ում տեղի ունեցածը հետևանքներ ունենալու է, Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ դա օգտագործվելու է իր դեմ». Աննա Կոստանյան

Խորհրդարանը շարունակում է 2026թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները, որին մասնակցում են Նիկոլ Փաշինյանը և Կառավարության տարբեր անդամներ։

Քառօրյան մեկնարկելու առաջին փորձն այսօր առավոտյան անհաջող անցավ, քանի որ ԱԺ-ում չհաջողվեց քվորում ապահովել՝ նիստերի դահլիճում համապատասխան թվով պատգամավորներ չկային, ինչից խորապես վիրավորվեց Նիկոլ Փաշինյանը։

Լրատվամիջոցներից մեկը արձանագրել էր, որ Նիկոլ Փաշինյանը դեմքի դժգոհ արտահայտությամբ զրուցում է Ալեն Սիմոնյանի հետ, հետո կտրուկ փակում է «նոութբուքը», սեղանի տակից հանում է ուսապարկը, տեղավորում մեջը և գնում։

Այնուհետև որոշ ժամանակ անց դահլիճ բերեցին ՔՊ-ական պատգամավորներին, ապահովեցին քվորում և սկսեցին նիստը։

Կարդացեք նաև

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի խոսքով՝ այս ամենը նախևառաջ խոսում է խորհրդարանի «մաշվածության» մասին, այսինքն՝ ներկայիս խորհրդարանը բացարձակ կորցրել է իր լեգիտիմությունը և լրջությունը։

«Նույնիսկ, եթե Նիկոլ Փաշինյանի ներկայության պայմաններում ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայանում խորհրդարանի ամենակարևոր քննարկումներից մեկին՝ բյուջեի քննարկմանը, սա նշանակում է, որ իրենք իրենց մանդատին լուրջ չեն վերաբերվում և սա չեն դիտարկում առաքելություն։ Պատասխանատվություն չկա հանրության հանդեպ, պատգամավորները նիստերից կարող են բացակայել ծայրահեղ դեպքերում, գործուղումների պարագայում և այլն։ Եթե իրենց վերաբերմունքն այսպիսին է ժողովրդի կողմից իրենց վստահված մանդատի նկատմամբ, ուրեմն՝ իրենք այլևս ժամկետն անց են և խորհրդարանն էլ այլևս ոչ լեգիտիմ խորհրդարան է։

ԱԺ-ում տեղի ունեցածը միանշանակ հետևանքներ ունենալու է, ինչն արդեն ցուցիչ է, և Փաշինյանն էլ շատ լավ հասկանում է, որ դա օգտագործվելու է իր դեմ»,- 168.am հետ զրույցում նշեց Աննա Կոստանյանը։

Նրա կարծիքով՝ հաստատ Նիկոլ Փաշինյանն իր ձեռքի տակ ունի այնպիսի «գործիքներ», որոնցով կկարողանա բերման ենթարկել խորհրդարան, այսպես ասած՝ անպատասխանատու պատգամավորներին։

«Ինչ վերաբերում է իմպիչմենտին, որի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում ու ասում են, թե անարդյունավետ է, ապա այն սահմանադրական գործիքակազմ է, որն ամեն պարագայում պետք է գործարկվի, հատկապես խորհրդարանական ընդդիմության կողմից։ Սա գործիք է, որի գործադրման ժամանակ պետք է աշխատանք տարվի ՔՊ-ի պատգամավորների հետ։ Այս աշխատանքը տարվո՞ւմ է, թե՞ ոչ, ես չունեմ տեղեկատվություն։ Կարծում եմ՝ սա այն տրամաբանական քայլն է, որը պետք է աներ ընդդիմությունը տևական ժամանակ, ընդ որում՝ 2021 թվականից սկսած, երբ նրանք հայտնվեցին ԱԺ-ում»,- հավելեց ԱԺ նախկին պատգամավորը։

Աննա Կոստանյանի բնորոշմամբ՝ ՔՊ-ական պատգամավորները դարձել են Նիկոլ Փաշինյանի կամակատարները, մինչդեռ հակառակը պետք է լիներ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է վախենար պատգամավորներից ու հաշվետու լիներ նրանց առաջ։

Այդուհանդերձ, մեր զրուցակիցը կարծում է, որ ՔՊ-ական պատգամավորներն ունեն տարրական մտածելակերպ, հավանաբար հասկանում են, որ անվերջ չեն կարող պատասխանատվություն կրել Նիկոլ Փաշինյանի բերած աղետների, հակապետական քայլերի համար։

«Ի դեպ, միայն Նիկոլ Փաշինյանը չէ, այնպիսի պաշտոնյաներ, ովքեր առնվազն Արցախի կորստի ժամանակ պաշտոն են զբաղեցրել, նրանք էլ են մեղավոր և պետք է պատասխանատվություն կրեն։ Արցախի հանձնումը եղել է նրանց օրոք, և նրանք առնվազն չեն փակել Նիկոլ Փաշինյանի բերանը, որպեսզի նա Պրահայում չհրաժարվեր Արցախից։ Կանխատեսելը դժվար է, ամեն դեպքում աշխատանք պետք է տարվի»,- ընդգծեց Աննա Կոստանյանը։

Տեսանյութեր

Լրահոս