Նման 0-ական իրականություն ենթադրող ստահոդ լուրեր տարածողները կա՛մ հոգեպես առողջ չեն, կա՛մ բացարձակ անբարոյական, կա՛մ երկուսը միասին. Արթուր Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է ինչ-որ կայքից մի հրապարակման լուսանկար, որում նշվում է իբրև թե իր տղայի մասնակցությամբ ինչ-որ միջադեպի մասին: Արթուր Վանեցյանը հարկ է համարել պարզաբանել այդ տեղեկությունները՝ դրանք որակելով ստահոդ:
«Մշտապես ճիշտ եմ համարել չարձագանքել ֆեյք կայքերով կամ սոցիալական էջերով իմ և ընտանիքիս հասցեին հրապարակվող կեղծիքներին և զազրախոսություններին՝ համարելով դրանք ուշադրության ոչ արժանի մեդիա-կենդանիների հրապարակային ապականություններ։
Այնուամենայնիվ, մերթ ընդ մերթ ստիպված եմ անդրադառնալ դրանց՝ մեր հասարակության անգամ մի քանի անդամի մտքում կասկածներ կամ իմ չպատասխանելու հետևանքով առաջացող լրատվական-կեղտային նստվածք չթողնելու համար։ Այս անգամ էլ տղմասեր դուրսպրծուկների մեդիա աշխարհում հերթը տղայինս էր։

Screenshot
Քանի որ տղաս՝ Արտյոմը քաղաքական-հանրային հրապարակումներով հանդես չի գալիս՝ իր փոխարեն ես կարձագանքեմ այս անպատասխանատու, կեղծ և անբարո հրապարակմանը: Արտյոմը ոչ միայն չի եղել նշված ակումբում, այլև առհասարակ զենք չունի, էլ չեմ խոսում կրակոցներ արձակելու մասին։
Նման 0-ական իրականություն ենթադրող ստահոդ լուրեր տարածողները կա՛մ հոգեպես առողջ չեն, կա՛մ բացարձակ անբարոյական, կա՛մ երկուսը միասին։
Եթե երես ունենայիք՝ նման բաները տարածելուց անդրաշխարհում չէիք թաքնվի»,- գրել է ԱԱԾ նախկին տնօրենը։

