Բա պետությունն ո՞ւր էր, ինչո՞ւ քրեական վարույթ չնախաձեռնեցին. ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենը՝ իրենց վերագրվող «մեղքերի» մասին. Aysor
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրություններ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), ըստ որոնց 2025-ի հունվարին ՀԷՑ-ի ավտոմատացված հաշվառման համակարգը խափանվել է, 2018-ից սկսած՝ ջնջվել են ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգերի տվյալները:
Սա էլ մեկն է այն հիմքերից, որով Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է դադարեցնել գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան:
«Դա կարող է հիմք ծառայել, եթե դա եղել է դիտավորություն: Այսինքն՝ մենք այդ խնդիրն իմացել ենք, ներքին ծառայողական քննություն ենք անցկացրել, պարզվել է, որ տեխնիկական շատ լուրջ խնդիր է եղել, բայց ոչ՝ դիտավորություն: Եթե այդքան ազնիվ են, ինչում ես խիստ կասկածում եմ, կարող էին քրեական գործ հարուցել, պարզել՝ ով է արել, ինչու է արել: Անազնիվ է սա որպես հիմք ներկայացնելը»,- Aysor.am-ին ասել է ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի Ժ/Պ Դավիթ Ղազինյանը։
Նրա խոսքով՝ եթե լիցենզիայից զրկելու այն նույն մոտեցումը, որը կիրառում են իրենց նկատմամբ, կիրառվի ՀԾԿՀ կողմից կարգավորվող բոլոր մնացած ընկերությունների նկատմամբ, ապա բոլորից լիցենզիան պետք է վերցնեն և առաջինը՝ «Վեոլիա ջրից» :
Անդրադառնալով ՀԾԿՀ- պնդմանը, թե ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը ներկայացրել է նաև փաստեր, որոնց համաձայն ընկերությունը նախկինում զանգվածաբար ոչ ճիշտ տվյալներ է ներկայացրել հանձնաժողովին, ինչի արդյունքում սխալ են գնահատվել բաշխման ցանցի ընթացիկ վիճակը, հոսանքի ընդհատումների իրական քանակը, կորուստների մեծությունները և այլն, ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենն ասել է. «Բա էդ դեպքում պետությունն ո՞ւր էր, Տարածքային կառավարման նախարարությունը, ԱԱԾ-ն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ո՞ւր էին: Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել այդ բոլոր մարմինների առաջին դեմքերի պատասխանատվություն կրելուց հետո»։
Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու համապատասխան որոշման նախագիծն արդեն հրապարակվել է, որոշումը կկայացվի ՀԾԿՀ-ի նոյեմբերի 13-ի նիստում:
Դավիթ Ղազինյանը հավելել է՝ ՀԾԿՀ որոշման հրապարակումից հետո բոլոր իրավական ճանապարհներով պայքարելու են:

