Բաժիններ՝

Արքայազն Չարլզին նույնպես հյուրասիրեցին «Դոլմամայում» (տեսանյութ)

Մասնավոր այցով Հայաստանում գտնվող՝ Ուելսի արքայազն Չարլզը  քիչ առաջ մտավ «Դոլմամա» ռեստորան։ Երևանի Պուշկինի փողոցում գտնվող այս ռեստորանը Հայաստանի պաշտոնյաների ամենասիրած վայրերից մեկն է և Հայաստան ժամանող բարձրաստիճան հյուրերից շատերին մեր պաշտոնյաները «պատիվ են տալիս» հենց այս ռեստորանում։ Նշենք, որ ՀՀ բարձրաստիճան անձանցից որևէ մեկը արքայազնին ուղեկցողների մեջ չէր նկատվում։

Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, այս անգամ նույնպես Պուշկինի փողոցի այդ հատվածում իրարանցում էր։ Հյուրի ժամանումից 3-4 ժամ առաջ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կայանված ջանասիրաբար մաքրում էին փողոցը  կայանված ավտոմեքենաներից՝  Աբովյան-Պուշկին խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ։ Այդ ամենը, բնականաբար, ուղեկցվում էր ոստիկանական մեքենաների ազդանշաններով և մեգաֆոննների կոչերով՝ ուղղված մեքենաների տերերին։

Հիշեցնենք, որ արքայազն Չարլզը Հայաստան է այցելել այսօր՝ որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր, որի գործունեությունն ուղված է Հայաստանի մայրաքաղաքի ճարտարապետական ժառանգության, նրա նշանակալից հուշարձանների ու շինությունների վերականգնմանն ու պահպանմանը: Արքայազն Չարլզը և Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը հիմնադրամի շրջանակներում բարեգործական ծրագիր են իրականացնում Երևանում:

Իր հայկական այցի շրջանակներում արքայազն Չարլզն այցելել է Մատենադարան, որը UNESCO-ի կողմից ճանաչվել է որպես համաշխարհային մշակույթի կենտրոն, ինչպես նաև՝ Էջմիածին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս