Ռիգայում ակցիա է տեղի ունեցել Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու դեմ
Ռիգայի կենտրոնում նոյեմբերի 6-ի երեկոյան անցկացվել է վերջին տարիների քաղաքային ամենամեծ բողոքի ակցիաներից մեկը։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ շուրջ 10 000 մարդ է դուրս եկել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) չեղարկման դեմ հանրահավաքին։
Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Ակցիան տեղի է ունեցել «Պաշտպանեք մայր Լատվիան» կարգախոսով։ Մասնակիցները կոնվենցիայից դուրս գալու օգտին քվեարկած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին մեղադրել են դավաճանության համար։
Նոյեմբերի 6-ի երեկոյան նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել նաև Լատվիայի այլ քաղաքներում։ Ընդհանուր առմամբ, հանրահավաքներն անցել են խաղաղ և առանց միջադեպերի:
Հոկտեմբերի 29-ին՝ կոնվենցիան չեղարկող օրենքի երկրորդ և վերջնական ընթերցման նախօրյակին, Ռիգայում արդեն տեղի էին ունենում զանգվածային հանրահավաքներ, որոնց մասնակցել է շուրջ 5000 մարդ։ Հաջորդ օրը երկրի միապալատ խորհրդարանի՝ Սեյմի անդամների միջև բանավեճերը տևել են ավելի քան 12 ժամ։ Կոնվենցիայից դուրս գալու կողմնակիցները նշել են, որ դրա տեքստը «խաթարում է ավանդական ընտանեկան արժեքները»։
Մասնավորապես, դժգոհություն են առաջացրել «գենդեր» և «գենդերային ինքնատիպություն» հասկացությունների սահմանումները, որոնք, ըստ ընդդիմության, «խորթ են լատվիական ավանդույթներին» և կարող են «գաղափարախոսություն պարտադրել» դպրոցների և պետական քաղաքականության միջոցով։
Իսկ կոնվենցիայից դուրս գալու հակառակորդները նշել են, որ որոշումը կարող է վնասել երկրի միջազգային հեղինակությունը և նվազեցնել ներդրողների վստահությունը: Արդյունքում Սեյմը քվեարկել է կոնվենցիայից դուրս գալու օգտին։ Սակայն Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հրաժարվել է ստորագրել համապատասխան օրենքը և նամակ է ուղարկել պատգամավորներին՝ պահանջելով վերանայել որոշումը։ Ընդ որում, ըստ երկրի օրենքների, եթե խորհրդարանականները հրաժարվեն ենթարկվել այս պահանջին, ապա պետության ղեկավարն իրավունք չունի ազդել նրանց դիրքորոշման վրա։
Նոյեմբերի 5-ին նա որոշել է մեկ տարով հետաձգել կոնվենցիայի չեղարկման հարցը՝ դրանով իսկ այն փոխանցելով հաջորդ գումարման խորհրդարանի քննարկմանը։

