Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կենտրոնական Ասիայի 5 երկրների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարներին։
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Թրամփը հանդիպման սկզբում հայտարարել է, որ քննարկումների առանցքում օգտակար հանածոներն են. նա շեշտել է, որ իր վարչակազմը ջանքեր է գործադրում ընդլայնելու և ապահովելու ԱՄՆ դրանց մատակարարման շղթաները նոր համաձայնագրերի միջոցով։
ԱՄՆ նախագահը Կենտրոնական Ասիան անվանել է «չափազանց հարուստ տարածաշրջան»՝ հավելելով, որ ցանկանում է ավելի ամրապնդել հինգ երկրների հետ գործընկերությունը։ 2015 թվականին մեկնարկած C5+1 հարթակը միավորում է Միացյալ Նահանգներին և Կենտրոնական Ասիայի հինգ պետություններին՝ տնտեսական, էներգետիկ և անվտանգության հարցերում համագործակցությունը խթանելու համար:
Վաշինգտոնում Միացյալ Նահանգների և Կենտրոնական Ասիայի ղեկավարների գագաթնաժողովից առաջ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է բանաձև երկրների միջև տարբեր ոլորտներում գործընկերության խորացման մասին: Փաստաթղթում նշվում է, այդ թվում՝ անվտանգության ընդհանուր շահերի ամրապնդումը, էներգետիկայի և կարևոր օգտակար հանածոների ոլորտներում համագործակցությունը, հակաահաբեկչական ջանքերի համակարգումը: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում ընդունել էր Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտգործնախարարներին և հայտարարել, որ հաջորդ տարի կայցելի այդ երկրներ:

