Պլանավորում են կալանավորել շատ բարձրաստիճան մի պաշտոնյայի. նրան նշանակել է Փաշինյանը. Տիգրան Աբրահամյան
Կառավարության նոյեմբերի 6-ի նիստի ուղիղ եթերում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը որոշեց փռած ասֆալտի կիլոմետրերը հաշվելուց զատ, հրապարակային՝ ուղիղ եթերում հաշվել նաև Հայաստանի Զինված ուժերում ընդգրկված զինվորների աշխատավարձերի չափը։
Եվ այսպես, ըստ Փաշինյանի, շարքային պայմանագրային 1,559 զինծառայող ստանում է 300.000-400.000 դրամ վարձատրություն, 1,156 զինծառայող 400.000-500.000 դրամ վարձատրություն, 523 զինծառայող շարքային, այսինքն՝ որևէ կոչում չունի, ոչ Սիֆրեյթեր, ոչ Սերժանտ, ոչ մի կոչում։ 523 զինծառայող՝ 500.000-600.000 դրամ վարձատրություն, 244 շարքային զինծառայող՝ 600.000 դրամից 700.000 դրամ վարձատրություն, և 31 զինծառայող՝ շարքային 700.000 դրամ և ավել վարձատրություն։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Փաշինյանի հրապարակած աշխատավարձային ֆոնդին, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Փաշինյանը ներկայացրեց բարձր աշխատավարձեր՝ չասելով, սակայն, թե դրանք զինծառայողների քանի՞ տոկոսին է բաժին ընկնում։

«Օրինակ, ասում է՝ 31 հոգի 700.000 դրամ աշխատավարձ է ստանում. դուք պատկերացնո՞ւմ եք, թե դա որքան կատաստրոֆիկ թիվ է, որովհետև հազարավորներից կարողացել է 5 գնահատական ստանալ և ատեստավորվել ընդամենը, ասենք, 31 հոգի։ Ավելին՝ զինծառայողների կեսից քիչն է ատեստավորվել, որոնց մեծամասնությունը կտրվել է դրանից և ստանում է ընդամենը 120.000 դրամ աշխատավարձ։ Սա այն դեպքում, երբ մարդիկ արդեն է տարի է` իշխանության են»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը շեշտեց՝ այն իշխանությունը, որն այսքան հարված է հասցրել բանակին, բանակի մարտունակությանը, իրավունք չունի առհասարակ խոսել ոչ ծառայության ժամկետից, ոչ՝ աշխատավարձերից։
«Խաղաղության նախապատրաստվում են ուժեղ բանակով»,- շեշտեց Աբրահամյանը՝ հավելելով՝ նախընտրական այս տարում ՔՊ-ական իշխանությունը բանակը մարտունակ դարձնելու փոխարեն՝ զբաղված է քաղաքական գործիչներին կալանավորելով։

«Օրինակ, կարող եմ ասել, որ ընտրությունների ժամանակահատվածում պլանավորում են կալանավորել շատ բարձրաստիճան պաշտոնյայի, որը նշանակվել է Փաշինյանի օրոք և ներկայացվելու է որպես 44 օրյա պատերազմի գլխավոր հանցագործ. անունը տալ չեմ կարող»:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

