«Մեծ ռիսկեր կան, որ Հայաստանից արցախահայերի արտագաղթն աճելու է. եթե գնում են խաղաղության, ինչո՞ւ են մինչ օրս Ադրբեջանում պահվում Արցախի ղեկավարները». Նժդեհ Իսկանդարյան

Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ արցախահայերի Արցախ վերադառնալու հարցն օրակարգ բերելը կամ դրա քննարկումը «վտանգում է խաղաղության գործընթացին»։ Արցախցիների վերադարձի թեման նա համարում է առհասարակ փակված։

Փաշինյանի արտահայտած այս միտքը գրեթե նույնությամբ կրկնում են նրա թիմակիցները, իսկ երեկ նման հայտարարություն արեց նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Այս ամենին զուգահեռ, Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներին հրավիրել են Երևան՝ հաջորդ տարի Հայաստանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 4-ին:

Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի խոսքով՝ երբ ՀՀ իշխանությունը խոսում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի մասին, ընդամենը պետք է նայեն, թե Ադրբեջանում դրա վերաբերյալ խոսույթն ինչպիսի՞ն է։

Կարդացեք նաև

«Վերջին օրերին խոսում են այն մասին, որ հայ հասարակությունը չպետք է վախենա ադրբեջանցիների Հայաստան գալուց։ Խոսում են 300.000 ադրբեջանցիների վերաբնակեցման մասին, դրան զուգահեռ՝ հայկական տեղանուններն են խեղաթյուրում, դրանց տալիս ադրբեջանական անվանումներ։ Նիկոլ Փաշինյանին պետք է հարցնել՝ սա՞ է խաղաղությունը, երբ, օրինակ, Սևանա լճին այլ անվանում է  տալիս Ալիևը։ Այնքան անհեթեթություններ են եղել, որ օրվա իշխանությունը նույնպես խճճվել է այս ամենի մեջ, որովհետև իրենք խոսում են խաղաղության մասին, իսկ Ադրբեջանը՝ ոչ։

Կամ՝ եթե գնում են խաղաղության, ինչո՞ւ են մինչ օրս Ադրբեջանում պահվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և մեր մյուս գերիները»,- 168.am հետ զրույցում նշեց Նժդեհ Իսկանդարյանը։

Արցախի պետնախարարի համար նաև ցուցիչ է այն, որ մինչև օրս Ադրբեջանի կողմից բռնազավթված են ՀՀ սուվերեն տարածքները՝ Ջերմուկում, Սյունիքում և այլ վայրերում, խաղաղության գնացող երկիրն իր զորքը դուրս կբերեր այդ տարածքներից։

«Ես չեմ հավատում, որ այս տարածաշրջանում այս պայմաններում կարող է երկարատև խաղաղություն լինել այս իշխանության օրոք»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Ալիևին ու Էրդողանին Հայաստան հրավիրելուն, Նժդեհ Իսկանդարյանը նկատեց՝ այդ հրավերի հետ կապված որևէ մեկնաբանություն չունի։

«Ես միայն մեկ հստակ բան գիտեմ՝ Արցախ վերադառնալն արցախահայերի անօտարելի իրավունքն է, նրանք պետք է վերադառնան իրենց սրբավայրեր, իրենց գերեզմանոցներին տեր կանգնեն։ Ալիևը խոսում է ադրբեջանցիների վերադարձի մասին, հետևաբար՝ ի՞նչն է խանգարում, որ արցախցիներն ապրեն իրենց հողում։ Իհարկե, այստեղ լինելու են ինքնորոշման, անվտանգության հարցեր։ Չնայած ՀՀ իշխանությունների բոլոր այս քայլերին, մենք մեր պայքարից չենք հրաժարվելու, մեր իրավունքների համար պայքարելու ենք։

ՀՀ օրվա իշխանությունները հավերժ չեն, գալու են հայամետ իշխանություններ, և մենք կարողանալու ենք Արցախի և արցախահայերի հարցը բարձրացնել միջազգային օրակարգում»,- շեշտեց Նժդեհ Իսկանդարյանը։

Մեր զրուցակիցը նաև փոխանցեց, որ վերջին տվյալներով՝ մոտ 22.000 արցախահայեր հեռացել են Հայաստանից։

«45.000-ից ավելի արցախահայեր գնացել են Հայաստանից ու վերադարձել, մոտ 22.000-ը հիմնական արտագաղթել է Հայաստանից։ Դեկտեմբերից աջակցության ծրագիրը չի գործելու, մեծ ռիսկեր կան, որ արցախահայերի արտագաղթն աճելու է»,- ընդգծեց Նժդեհ Իսկանդարյանը։

Տեսանյութեր

Լրահոս