Սերգո Կարապետյան. Առաջիկայում կտեսնեք՝ ինչքան մեծ օգնություններ է գյուղացին ստանալու
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով կոչով դիմել էր գործարարներին՝ Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիների վնասը փոխհատուցելու նպատակով ստեղծված հաշվեհամարին գումար փոխանցելու համար, պատրաստվում է մեկ ամսվա իր աշխատաարձը փոխանցել այդ հաշվեհամարին:
Այս մասին այսօր Սարդարապատ հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ս. Կարապետյանը: Վերջինիս խոսքով՝ այդ նպատակով ստեղծված հիմնադրամները կնպաստեն ստեղծված վիճակի բարելավմանը, բայց միաժամանակ նկատեց. «Այդ ֆոնդերն ինքնաբուխ բաներ են՝ Ազգային Ժողովի պատգամավորներ են, տարբեր մարդիկ, իրենք են ստեղծել, գումար են հավաքում մարդկանց օգնելու համար»:
Ըստ Սերգո Կարապետյանի՝ ամեն օր որոշումներ են կայացվում՝ փորձելով մեղմել ստեղծված խնդիրները, բայց դա, ըստ նրա՝ երկարատև գործընթաց է: «Առաջիկայում կտեսնեք՝ ինչքան մեծ օգնություններ է գյուղացին ստանալու»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Կառավարությունը ցուցակներ է հավաքում սոցիալապես ոչ անապահով մարդկանց առաջնահերթ օգնություն ցուցաբերելու համար:
168.am-ի հարցին, թե առարկայական օգնություն քաղաքացին ե՞րբ կստանա, գյուղնախարարը պատասխանեց. «Հիմա էլ է օգնություն ցուցաբերվում: Արդեն երկու օր է՝ գյուղտնտեսություններին սերմեր ենք բաժանում մեծ քանակությամբ: Այնպես որ՝ առարկայական օգնություն կա հենց այսօր»:
Նա նաև համոզմունք հայտնեց, որ գյուղացիների ստացած վարկային տոկոսադրույքները առաջիկայում կնվազեն:
Անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի հայտարարությանը, թե բացթողում է, որ գյուղատնտեսության մասին օրենք Հայաստանը չունի, նկատեց. «Մենք արդեն մեկ տարի է զբաղվում ենք օրենքի մշակմամբ ու մինչև այս տարվա վերջ՝ աշնանը, Ազգային ժողովը կհաստատի այդ օրենքը: Կարելի է ասել՝ այն պատրաստ է, հիմա վերախմբարգրվում է, բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ են գնում ու տարվա վերջում այդ օրենքը մենք կունենաք»:
Լուսանկարը՝ 168.am-ի