ԱՄՆ-ն դադարեցնում է ՄԱԿ-ի ֆինանսավորումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կասեցրել է ՄԱԿ-ին վճարումները՝ կազմակերպության բարեփոխման ակնկալիքով, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը Breitbart News-ին տված հարցազրույցում։
Ուոլցի խոսքով՝ ԱՄՆ ճնշման տակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը համաձայնել է կրճատել ՄԱԿ-ի բյուջեն 15%-ով, ինչը կհանգեցնի անձնակազմի 18%-ով և խաղաղապահների 25%-ով կրճատման։
«Ես կարծում եմ, որ մենք շատ առումներով կփրկենք ՄԱԿ-ին ինքն իրենից և կառաջխաղացնենք բարեփոխումները», – հավելել է դիվանագետը։
ՄԱԿ-ը կանգնած է բյուջետային դեֆիցիտի առջև՝ մի շարք երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների կողմից մոտ 3 միլիարդ դոլարի վճարումներ չկատարելու պատճառով։ Այս իրավիճակը կազմակերպությանը ստիպում է կրճատել ծախսերը, սառեցնել վարձումը և կրճատել մարդասիրական ծրագրերը, այդ թվում՝ երեխաներին և փախստականներին օգնություն ցուցաբերելը։

