«TRIPP route» նախագիծը կարող է համատեղել տարբեր երկրներում ձևավորված բովանդակությունը․ Փաշինյան
Այն, ինչ հնարավոր չէր վաշինգտոնյան համաձայնություններից առաջ ԵԱՏՄ-ի երկու երկրների միջև, հիմա հնարավոր է։ Երևանում մեկնարկած «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» երկօրյա համաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Շատերն ասում են, որ այս պրոցեսները դեմ են կամ հակասում են ԵԱՏՄ-ի շահերին, մինչդեռ այն, ինչ հնարավոր չէր վաշինգտոնյան համաձայնություններից առաջ ԵԱՏՄ-ի երկու երկրների միջև, հիմա հնարավոր է։ Սա պարզ օրինակ է, թե ինչ օգուտներ կարող են լինել»,– ընդգծեց Փաշինյանը։
Ըստ նրա` երբ այսօր նայում ենք ԵԱՏՄ անդամ Հայաստանի և Ղազախստանի առևտրաշրջանառությանը, տեսնում ենք, որ այն ԵԱՏՄ բովանդակությանը չի համապատասխանում, որովհետև էականորեն նվազ է փոխադարձ առևտուրը։ Վարչապետի համոզմամբ` պատճառը հաղորդակցության արագ և էժան ուղիների բացակայությունն է։
Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` դեպի ՀՀ տարանցման սահմանափակումը վերացնելու մասին հայտարարությանը` նշելով, որ առաջին շահառուն, պարզվեց` Կենտրոնական Ասիայի երկրներն են։
«Մենք, օրինակ, շատ մեծ ցանկություն ունենք նաև Ուզբեկստանի հետ մեր հարաբերությունները թե քաղաքական, թե տնտեսական առումով խորացնելու»,– նշեց Փաշինյանը։
Նա կրկին հայտարարեց, որ ՀՀ-ն պատրաստ է հենց այսօր ապահովել նաև Թուրքիայից՝ Մարգարայով ու Խնձորեսկով դեպի Ադրբեջան ու հակառակ ուղղությամբ բեռնատարների տարանցումը։
«Ինչու ենք հենց դա հիշատակում, քանի որ դա միակ ուղին է, որի դեպքում բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները պատրաստ են։ Քաղաքական մակարդակում խնդիր չունենք նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ այդ թվում երկաթուղային կապ ապահովելու համար։ Ուղղակի դա ֆիզիկապես հնարավոր չէ անել, քանի որ չկա երկաթուղի,. երկաթուղին կառուցելու շուրջ բանակցություններ ենք վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ դա պետք է տեղի ունենա TRIPP–ի շրջանակում»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, այս նախագծի շրջանակում տարածաշրջանային, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներն ունեն մեծ հետաքրքրվածություն և, մասնավորապես, նշելով Իրանին։
Ըստ Փաշինյանի` TRIPP–ի միջոցով Իրանը կստանա տարանցիկ ճանապարհ դեպի Սև ծով և հակառակ ուղղությամբ։

