Ոստիկանության աշխատակիցը Samand-ով բախվել է ապահովագրական գործակալության բաժնի պետի Mercedes-ին (լուսանկարներ)
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մայսի 28-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03:30-ի սահմաններում Պուշկին-Կողբացի փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի բնակիչ 29-ամյա Էդգար Ռշտունին, վարելով Samand մակնիշի 391 ՈՍ 02 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Mercedes մակնիշի 22 ՕՍ 012 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Samand-ի վարորդ Է. Ռշտունին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 3-րդ կլինիկական հիվանդանոց: Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի վայրից Mercedes-ի վարորդը դիմել է փախուստի, իսկ Samand-ի վարորդը աշխատում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ձեռնարկված օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Զաքարյա սարկավագի փողոցի բնակիչ 25-ամյա Նորայր Սուքիասյանը, ով աշխատում է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում՝ որպես բաժնի պետ: Նա և Samand-ի վարորդը ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է, որ ԱՊՊԱ-ի աշխատակիցը եղել է ոչ սթափ վիճակում: Ի դեպ՝ վթարի վայրում նա որպես վարորդ փորձել է ներկայացնել իր եղբորը, սակայն ոստիկանները կարողացել են հայտնաբերել, որ դա իրականությանը չի համապատասխանում: