Բաժիններ՝

Ֆրանսիան փողը չի տվել, Երեւանի ջուրը դեռ չի բարելավվի

Կառավարությունը մտադիր է երկարաձգել պարտավորություների կատարման համար «Երեւանջուր» ընկերությանը հատկացված ժամանակը: Այս հարցը ներառված է գործադրի առաջիկա նիստի օրակարգում:

«Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ բանն այն է, որ 2008թ. մայիսի 27-ին ՀՀ եւ Ֆրանսիայի կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագրով նախատեսվում էր մինչեւ այս տարվա հունիսի 30-ը ավարտել Երևանի խմելու ջրի համակարգի բարելավմանն ու մաքրմանն ուղղված ծրագիրը:

Ծրագրով նախատեսվում էր իրականացնել «Աէրացիա» ջրազտման կայանի վերականգնման, խմելու ջրացանցի մասնակի վերականգնման եւ էլեկտրամեխանիկական եւ հիդրալվիկ սարքավորումների միջոցով առավել ապահով ջրամատակարարմանն ուղղված աշխատանքներ: Նախատեսվում էր նաեւ նոր խողովակաշարերի անցկացում, ցանցի ընդլայնում, նոր ջրագծերի միացում եւ կատոդային պաշտպանության ապահովում:

Նշենք, որ այս աշխատանքների իրականացման համար Ֆրանսիայի կառավարությունը ՀՀ-ին, իսկ ավելի ճիշտ կլինի ասել` ֆրանսիական կողմի կառավարմանը հանձնված «Երեւանջուր» ընկերությանն է հատկացրել ընդհանուր առմամբ 24.9 մլն եվրո գումար, որից 24.4 մլն եվրոն վարկի տեսքով, իսկ 0.5 մլն-ը` դրամաշնորհի:

Ընդ որում, վարկը տրվել է 20 տարի մարման ժամկետով, որից 5 տարին արտոնյալ պայմաններով` 1,75 % տարեկան տոկոսադրույքով:

Եվ ահա ծրագրի ավարտին մնացել է 1 ամիս, ու կառավարությունը որոշել է երկարաձգել դրա իրականացման ժամկետը եւս 1-2 տարով:

Կառավարության քննարկմանը ներկայացված նախագծում մասնավորապես ասվում է. «ֆրանսիական կապալառուի և հայկական գնորդի միջև կնքված առաջին գործարքները հաշվեգրանցվում են արձանագրությունը ուժի մեջ մտնելու պահից` ամենաուշը մինչև 2014թ. հունիսի 30-ը ներառյալ», «Ֆրանսիական ֆինանսավորման օժանդակությունից հատկացումները պետք է իրականացվեն ամենաուշը մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ»:

Փաստորեն, այս տարի վարկի մարման արտոնյալ պայմանների ժամկետն ավարտվում էր, եւ ստացվում է, որ պայմանագրով նախատեսված ժամկետների երկարացումն այս առումով ձեռնտու է նաեւ մեր կառավարությանը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ գործադիրն, այնուամենայնիվ, վաղը հավանության կարժանացնի ներկայացվող նախագիծը:

Ի դեպ, նշենք, որ ծրագրի ուշացումը կառավարության կայքում տեղադրված փաստաթղթում մեկնաբանվում է հետեւյալ կերպ. «Ծրագիրը մեկնարկել է Արձանագրությամբ նախատեսված ժամկետներից ավելի ուշ, քանի որ Արձանագրությունը ներառում էր միաժամանակ վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի միասնություն: Վերջինիս ստորագրումից հետո մեկնարկել է դրամաշնորհային համաձայնագրի իրականացումն ու նպատակահարմարության ուսումնասիրության փուլը, որը տևել է նախատեսվածից ավելի երկար: Ուսումնասիրությունների արդյունքների արձանագրումից հետո մեկնարկել է վարկային համաձայնագրով նախատեսված ծրագիրը, որը գտնվում է իրականացման նախնական փուլում»:

Կառավարությունը նաեւ հայտնում է, որ արձանագրության մեջ փոփոխությունները նախաձեռնել է ֆրանսիական կողմը:

Իսկ հայկական կողմի հաստատումից հետո մայրաքաղաքում որակյալ ջուր ունենալու ակնկալիքները ստիպված կլինենք հետաձգել եւս ավելի քան 2 տարով, մինչեւ 2015-ի ավարտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս