Քաղաքական պոռոտախոսները՝ «Քաղաքացիական պայմանագրից»

Այն բանից հետո, երբ տարվա կեսերին, մի քանի ամսվա անկումից հետո, մի կարճ ժամանակահատված զբոսաշրջային հոսքերը Հայաստան ավելացան, Գևորգ Պապոյանի ու Նիկոլ Փաշինյանի լեզուն բացվեց. Սկսեցին պարծենալ, թե Հայաստանը վերածել են տուրիզմի օջախի։ Զբոսաշրջային հոսքերն աննախադեպ տեմպերով ավելանում են, ու այսուհետ միշտ այդպես է լինելու։

«Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները։ 2025 թվականի մայիս, հունիս, հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետություն են այցելել այդ ամիսների համար պատմականորեն ռեկորդային թվով զբոսաշրջիկներ՝ մայիսին՝ 181 հազար 436, հունիսին՝ 215 հազար 253, հուլիսին՝ 263 հազար 592 այցելու։

Տուրիզմի ոլորտի մեր տնտեսվարողները կարիք չունեն ասելու՝ լավ ա լինելու, որովհետև հիմա արդեն լավ է։ Որովհետև այն ապագան, որի մասին մտածում էինք տարիներ առաջ, այսօր է։ Ու շարունակ՝ այսպես»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Ինչի՞ց էր վերցրել, որ տուրիզմի համար արդեն ամեն ինչ լավ է ու այսուհետ այդպես է լինելու, հայտնի չէ։ Ոչինչ, որ մինչ այդ զբոսաշրջային հոսքերը Հայաստան նվազել էին, այն էլ՝ բավական ինտենսիվ։

Կարդացեք նաև

Տարեսկզբի 4 ամիսներին ունեինք այն, որ զբոսաշրջության ոլորտը հայտնվել էր խորը անկման մեջ։ Անխտիր բոլոր ամիսներին այցելուների քանակը կրճատվել էր։

Հունվարին եկել էր 139.5 հազար զբոսաշրջիկ՝ 14.8 հազարով ավելի քիչ, քան անցած տարի։ Փետրվարին այցելուների թիվը կազմել էր 117.4 հազար՝ 9.8 հազարով պակաս, քան անցած տարի։

Մարտին զբոսաշրջիկների քանակը ռեկորդային անկում էր գրանցել. Այցելուները գրեթե 23 հազարով պակաս էին նախորդ տարվանից։ Նախորդ տարի եկել էր 152,8 հազար, այս տարի՝ 129,8 հազար։ Այցելուների քանակն այդ ամսին կրճատվել էր 15 տոկոսով։

Ապրիլին մարտի ռեկորդը կրկին թարմացվեց։ Աննախադեպ անկումը գրանցվեց. 24,5 տոկոսով պակաս զբոսաշրջիկ այցելեց Հայաստան, քան նախորդ տարվա այդ ամսին։

Ընդհանուր առմամբ՝ տարեսկզբի առաջին 4 ամիսներին զբոսաշրջիկների քանակն ավելի քան 88 հազարով քիչ էր, քան անցած տարի։

Որոշակի ակտիվություն նկատվեց միայն ապրիլից հետո, մայիս-հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին։ Դա էլ առիթ տվեց Նիկոլ Փաշինյանին ու էկոնոմիկայի նախարարին կարճաժամկետ, այն էլ մի քանի ամսվա աճերի հիման վրա վերամբարձ հայտարարություններ անել, հերթական կեղծ լավատեսությամբ խաբել ու մոլորեցնել հասարակությանը, ինչպես միշտ՝ աննախադեպ ու պատմական ձեռքբերումների պատրանքներ ստեղծել։

Մեկ ամիս էլ չէր անցել, երբ զբոսաշրջային հոսքերը Հայաստան կրկին սկսեցին նվազել։ Արդեն սեպտեմբերին անկում գրանցվեց։ Եթե անցած տարվա այդ ամսին Հայաստան էր այցելել 236.5 հազար զբոսաշրջիկ, այս տարի այցելուների թիվը կազմեց ընդամենը 229.1 հազար։

Նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների քանակը սեպտեմբերին 7.4 հազարով կրճատվեց։

Լավագույն ժամանակները, որը տուրիզմն ապրում էր Հայաստանում, ինչպես ընդամենը 1 ամիս առաջ փորձում էր համոզել Նիկոլ Փաշինյանը, անցավ պատմության գիրկը։ Դրա մասին ո՛չ Գևորգ Պապոյանը, ո՛չ էլ ինքը որևէ գրառում չարեցին, չասացին, որ Հայաստան այցելած տուրիստների քանակը 7.4 հազարով կրճատվել է։ Ավելի քիչ այցելու է եղել, քան նախորդ տարի։

Ամեն անգամ այսպես են խաբում ու մոլորեցնում հասարակությանը։ Մեկ ամիս առաջ պատմական ու աննախադեպ հաջողություններից էին խոսում, ասում էին՝ տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները, մեկ ամիս հետո ունենք այն, որ զբոսաշրջային հոսքերը կրճատվել են։ Սեպտեմբերին այցերի քանակը 3.1 տոկոսով պակաս է եղել։

Դատարկ խոսակցություններից ու մեծամիտ հայտարարություններից բացի՝ ոչ մի էական տեղաշարժ չկա նաև 9 ամիսների կտրվածքով։

Տարեսկզբի առաջին 9 ամիսներին, պաշտոնական տվյալներով, Հայաստան է այցելել 1 մլն 734 հազար զոսաշրջիկ, ինչը նախորդ տարվանից ավելի է ընդամենը 0.7 տոկոսով։ Այսպիսի տեմպերով էլ Հայաստանը զբոսաշրջային տարածաշրջանային առանցքներից մեկն են ուզում դարձնել։

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ զարգացումներ են տեղի ունեցել Հայաստանի զբոսաշրջության ոլորտում, նշենք, որ նույն ժամանակահատվածում Վրաստանում զբոսաշրջային հոսքերն ավելացել են գրեթե 8 տոկոսով՝ հասնելով 4.3 միլիոնի։ Սա է պատմական ռեկորդը, ոչ թե Հայաստանի 0.7 տոկոսանոց աճը, որը 5-6 տոկոսով պակաս է նույնիսկ 2023թ. ցուցանիշից։

Ահա այսպիսի «աննախադեպ ու պատմական հաջողություններ» է գրանցել Հայաստանի զբոսաշրջային ոլորտն այս տարվա ընթաքում։ Նույնիսկ 1 տոկոսին մոտ աճ չկա, իսկ Նիկոլ Փաշինյանը տուրիզմի համար լավագույն ժամանակներից է խոսում։

Դեռ չենք ասում, որ այդ «լավագույն ժամանակներում» Հայաստան ավելի քիչ զբոսաշրջիկ է եկել, քան նույնիսկ 2 տարի առաջ։ 2023թ. 9 ամսում զբոսաշրջային այցելությունները գերազանցել էին 1.835 միլիոնը, այս տարի սահմանափակվել են 1.734 միլիոնով։

Երկու տարի առաջ 101 հազարով ավելի զբոսաշրջիկ էր եկել Հայաստան, բայց պարզվում է՝ այս տարի է զբոսաշրջությունն իր լավագույն  ժամանակներն ապրում։ Ոչինչ, որ 3-4 ամսվա ակտիվությունից հետո զբոսաշրջային հոսքերը Հայաստան կրկին նվազել են։

Առաջիկայում էլ հավանաբար շարունակելու են նվազել, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը տարեվերջի համար դուրս է մնացել ռուսների զբոսաշրջային հետաքրքրությունների դաշտից։ Այն պարագայում, որ զբոսաշրջային հոսքերի ամենամեծ հատվածը՝ գրեթե 41 տոկոսը, հենց Ռուսաստանից են։ Ու Ռուսաստանի գործոնն էական դեր ունի Հայաստանի զբոսաշրջային հոսքերի վրա։ Այս տարվա կեսերին հոսքերը սկսեցին ակտիվանալ այն բանից հետո, երբ Ռուսաստանից այցելություններն ավելացան։ Բայց առաջիկայում այդ ակտիվությունը չի լինելու։

Եթե անցած տարի Հայաստանը տարեվերջի արձակուրդների համար ռուսաստանցիների հետաքրքրություններում 5-րդն էր, այս տարի ընդհանրապես դուրս է մնացել տասնյակից։ Եվ սա այն պարագայում, որ  տարեվերջյան արձակուրդները պլանավորած ու տոմսեր ամրագրած ռուսաստանցիների քանակը եռապատկվել է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս