Տիգրան Մկրտչյանն ու Պավլոս Մարինակիսը քննարկել են Հայաստան-Հունաստան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի տեղակալ և կառավարության խոսնակ Պավլոս Մարինակիսի հետ։
Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։
Նշվում է, որ դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ միջև հաստատված պայմանավորվածությունների բովանդակությունը, անդրադարձել TRIPP-ի տարածաշրջանային և գլոբալ նշանակությանը՝ նշելով, որ այն համահունչ է Հայաստանի կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկի» տրամաբանությանը։ ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Հունաստանին Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին աներկբա աջակցության համար։
Նա անդրադարձել է Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերություններին՝ ներկայացնելով առկա ակտիվ երկխոսությունը կրթության, գիտության, մշակույթի, ինչպես նաև պաշտպանության ոլորտներում, կարևորել է երկուստեք բարձրաստիճան այցելությունների շարունակականությունը։
Պավլոս Մարինակիսը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակի առնչությամբ, այդ թվում՝ միջազգային հարթակներում։
Նա կարևորել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և հույս հայտնել դրանց շուտափույթ իրականացման կապակցությամբ, ինչպես նաև ողջունել է ՀՀ կառավարության հանձնառությունը Հայաստանում բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու հարցում։

