Գյումրու համայնքապետարանի երեք աշխատակից ձերբակալվել է․ ՔԿ

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձինք մի շարք աշխատակիցների ցուցում են տվել, որպեսզի վերջիններս հրահանգավորեն իրենց ենթակայության ներքո գտնվող մանկապարտեզների տնօրեններին՝ սաներին տուն ուղարկել և իրենց անձնակազմի հետ անմիջապես մեկնել համայնքապետարան՝ թույլ չտալու ձերբակալել համայնքի ղեկավարին․ տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։

«Նման ցուցումից հետո, բազմաթիվ մանկապարտեզների տնօրեններ դադարեցնելով աշխատանքը՝ անձնակազմի հետ միասին ժամանել են համայնքապետարանի հարակից տարածք և միացել հավաքի մասնակիցներին:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում չորս անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Համայնքապետարանի երեք աշխատակից ձերբակալվել է:

Սույն քրեական վարույթը միացվել է զանգվածային անկարգություններին մասնակցելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է Քննչականի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ Գյումրիի փոխքաղաքապետը սրտնեղել էր, որ «քաղաքապետարանի աշխատակիցներին տարել-պահել են՝ կաթվածահար անելով աշխատանքը»։

Տեսանյութեր

Լրահոս