Ալեքսան Պետրոսյան. Եթե հացը թխեին բանկիրները՝ կվաճառեին 1000 դոլարով

«Հարյուր կամ երկու հարյուր տարի նման կարկուտ չէր եղել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը: Նա նշեց, որ Հայաստանը կարկուտի գոտի է, բայց նման կարկուտ վաղուց չէր եղել: «Կարկուտը գյուղտնտեսության մեջ նույն երկրաշարժն է՝ չի խնայում ոչինչ: Մեր կողքին ապրող մարդիկ են, աշխատասեր, մեզ բոլորիս կերակրող, այդ 60.000 մարդիկ հիմա օրվա հացի խնդիր ունեն, դրա համար պետք է օգնենք իրենց: Սա է հաշվերահամարի բացման պատճառը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ խորհրդարանի բոլոր պատգամավորները, ԿԲ նախագահը, Կառավարության անդամները, բանկերի նախագահները, ոստիկանությունն արդեն ցանկություն են հայտնել օգնել կարկուտից տուժած գյուղացիներին ու գումար փոխանցել:

Նրա խոսքով՝ ՀՀ ոտիկանությունը 11 մլն դրամ է խոստացել փոխանցել, որը հաշվերահամարին կգումարվի ոչ աշխատանքային օրերի ավարտին: Միաժամանակ նա նշեց, որ դիմում են Հայաստանի պետական, մասնավոր, կիսամասնավոր կառույցներին՝ խոշոր հարկատուներին, որպեսզի նրանք ֆինանսական աջակցություն ցուցաբերեն՝ «աշատասեր, հողի մարդկանց և ոչ մուրացկան» օգնելու համար:

Ինչ վերաբերում է կարկուտից տուժած գյուղացիների առևտրային բանկերում առկա վարկերին, ապա պատգամավորն ասաց, որ վարկերը ոչ թե սառեցվում են, այլ երկարաձգվում է դրանց մարման ժամկետը. «Տպավորությունն այնպես էր, որ վարկը սառեցվում է, բայց վարկի տոկոսի մուծման ժամկետն է երկարացվում, հետաձգվում է՝ այսօր չես տալիս, բայց մի օր պետք է տան»:

Նա նշեց նաև, որ բանկերի կողմից սահմանված վարկերի տոկոսները շատ բարձր են. «Եթե հացը թխեին բանկիրները՝ կվաճառեին հազար դոլարով, որովհետև պահանջարկ կա՝ մեկ է պետք է գնի: Բանկերը մեծ տոկոսներ են պահանջում, որը գյուղացին հնարավորություն չունի նման դեպքերում իր միջոցներով վերարադրվելու: Ես անընդունելի եմ համարում, որ պետք է նման տոկոսներով վարկեր հասնեն, պետք է լինի մաքսիմում՝ տասը, մինիմում՝ վեց տոկոս»:

Ինչ վերաբերում է հակակարկտային կայանների արդյունավետությանը, ապա Ա. Պետրոսյանն ասաց, որ այսօր ցանցապատումը թանկ հաճույք է. «Հայաստանի ծիրանի այգիները ոչ մի ցանցային փակում չեն կարող իրականացնել: Արմավիրում, որտեղ 700 կարկտային կայաններ են պետք, բայց հիմա 101-ն ունենք»:

Տեսանյութեր

Լրահոս