Բաժիններ՝

Սուդանի մայրաքաղաքը կրկին ենթարկվել է անօդաչուների գրոհների

Երրորդ օրն անընդմեջ անօդաչու սարքերը շարունակում են թիրախավորել Սուդանի մայրաքաղաք Խարթումում տարբեր օբյեկտներ, այդ թվում՝ միջազգային օդանավակայանը։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ հղում անելով տեղի զինվորականներին։

Սուդանի զինված ուժերի ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ զինվորականներին հաջողվել է խոցել բոլոր անօդաչուները, և որ հարձակումներից վնաս չի եղել։

Հոկտեմբերի 21-ին և 22-ին անօդաչու թռչող սարքերն արդեն փորձել են հարվածներ հասցնել Խարթումի օդանավակայանին։ Հոկտեմբերի 22-ին այն պետք է վերսկսեր աշխատանքը զինվորականների և արագ արձագանքման ուժերի (ԱԱՈւ) միջև մարտերի հետևանքով պատճառված վնասի վերականգնման համար ամիսներ տևած վերանորոգումից հետո։ Հոկտեմբերի 22-ին այն ընդունել է տեղական Badr Airlines ավիաընկերության չվերթը։

Սուդանում երկրի զինված ուժերի և ԱԱՈւ-ի միջև հակամարտությունը շարունակվում է 2023 թ. ապրիլի 15-ից։ Զոհվածների ստույգ թիվն անհայտ է։ Ավելի քան 14 միլիոն մարդ լքել են իրենց տները։ Ներկայում զինվորականները վերահսկում են Սուդանի հյուսիսը և արևելքը, ներառյալ՝ Խարթումը, ԱԱՈւ-ն՝ երկրի հարավը և գրեթե ողջ Դարֆուրը:

AP-ն հիշեցնում է, որ զինվորականների և ԱԱՈւ-ի միջև ամենադաժան մարտերից մեկն ընթանում է մայրաքաղաքից արևմուտք գտնվող Կորդոֆանի և Դարֆուրի տարածաշրջաններում: Բազմաթիվ վայրերում սով է արձանագրվել: Միևնույն ժամանակ, ԱԱՈւ-ն շարունակում է Էլ Ֆաշիրի պաշարումը, որը Հյուսիսային Դարֆուր նահանգի մայրաքաղաքն է, զինվորականների վերջին խոշոր հենարանը Դարֆուրում: ՄԱԿ-ի գնահատումներով՝ քաղաքում շրջափակման մեջ է 260 հազար խաղաղ բնակիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս