
ՀԱՄԱՍ-ը հրադադարի համար մի քանի պայման է առաջադրել

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, որն այժմ Եգիպտոսում Իսրայելի հետ անուղղակի բանակցություններ է վարում, հայտարարել է, որ պատրաստ է համաձայնության գալ Գազայում պատերազմը դադարեցնելու շուրջ՝ հիմնվելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի վրա, սակայն սահմանել է մի շարք պայմաններ, այդ թվում՝ իսրայելական ուժերի անհապաղ և լիակատար դուրսբերումը։ Այս մասին հաղորդում է The Independent պարբերականը։
Ակնկալվում է, որ բանակցությունների ընթացքն ավելի կարագանա, երբ հոկտեմբերի 8-ին անուղղակի քննարկումներին միանան ամերիկացի միջնորդները և Կատարի վարչապետ և արտգործնախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին։ Մասնավորապես, ամերիկյան կողմից բանակցություններին կմիանան ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։
ՀԱՄԱՍ-ի բանակցային թիմը գլխավորող Խալիլ ալ-Հայյան, որին Իսրայելը փորձել էր սպանել սեպտեմբերին Կատարին հարվածների ժամանակ, Եգիպտոսի պետական Al Qahera News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ խումբը եկել է «լուրջ և պատասխանատու բանակցություններ վարելու»։
Ալ-Հայյայի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է համաձայնության գալ, սակայն շարժմանն անհրաժեշտ է «երաշխիք», որ պատերազմը կավարտվի և երբեք չի կրկնվի։ Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ը ձգտում է հասնել համապարփակ հրադադարի և գերիների փոխանակման լիարժեք համաձայնագրի, որը կներառի երկու կողմերի բոլոր պատանդներին և բանտարկյալներին։
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավար Ֆաուզի Բարհումն էլ հեռուստաուղերձում հայտնել է, որ համաձայնագիրը պետք է ապահովի պատերազմի ավարտը և իսրայելական ուժերի լիակատար դուրսբերումը Գազայից՝ պայմաններ, որոնք Իսրայելը երբեք չի ընդունել։
Իսրայելն, իր հերթին, ցանկանում է, որ ՀԱՄԱՍ-ը զինաթափվի, ինչը շարժումը մերժում է։ Բարհումը հավելել է, որ Գազայի հատվածում պետք է անհապաղ մեկնարկի համապարփակ վերակառուցման գործընթաց՝ պաղեստինյան «ազգային տեխնոկրատական մարմնի» հսկողության ներքո։