
Իմպիչմենտի վերաբերյալ իմ վերաբերմունքը չի փոխվել, որևէ ինֆորմացիա չունեմ, որ ձայները կան․ Ռոբերտ Քոչարյան
«Բանավեճի օրակարգն աբսուրդ է»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու չի ընդունում Փաշինյանի բանավեճի հրավերը։
Նա նշեց, որ այդ հարցին իր գրասենյակի ղեկավարն արդեն իսկ պատասխանել է։ «Բանավեճի առարկան ի՞նչն էր, Դուք հիշո՞ւմ եք։ Կա պատճառ, հարց, որի շուրջ բանավեճի ձեռնոց է նետվել, հիմա այդ հարցերը, որի շուրջ պետք է լիներ բանավեճը, բոլորը մոռացել են, իսկ բանավեճ բառը սկսել է ապրել ինքն իր կյանքով, ինչպես խաղաղություն բառը։ Բանավեճը, ես հիշեցնեմ, Ղարաբաղը 1991 թվականից հանձնվա՞ծ է, թե՞ հանձնված չէ։ Դուք ռեալ մտածում եք, որ որևէ մեկ ողջամիտ մարդ առանց թղթի, հատուկ ինչ-որ հիմնարկից պատրաստ է նստել բանավիճել դրա շո՞ւրջ։
Հիմա նստենք բանավիճենք՝ երկրագունդը կլո՞ր է, թե՞ կլոր չէ, Դուք պատրա՞ստ եք, ես պատրաստ չեմ։ Այդ կոնտեքստում աբսուրդ է։ Երկրորդ՝ ընդհանրապես կան մարդիկ, որոնք տոքսիկ են դառնում, տվյալ դեպքում ընդդիմության համար Փաշինյանի հետ բանավիճելն ինչ-որ տոքսիկ գործոն ունի։ Ձեր ասած բանավեճի օրակարգն աբսուրդ է։ Եվ ոչ մի ողջամիտ մարդ դրան չի գնալու։ Դրա համար երեք նախագահներն էլ համապատասխան ձևով արձագանքել են»,- ասաց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է ներքաղաքական կոնֆիգուրացիային, նա նշեց, որ իրեն ծանոթ չեն սոցհարցումներ, որոնցով Փաշինյանը վերընտրվում է։ «Ինքը հավաքում է ամենից շատը, բայց հետևից գնացող երկուսն ավելի շատ են հավաքում, քան Փաշինյանը։ Վերջին սոցհարցումը սա է, այդ երկու միավորը շեշտակի ավելի շատ են հավաքում, քան ՔՊ-ն»,- ասաց Քոչարյանը։
Իմպիչմենտից խոսելով՝ ՀՀ երկրորդ նախագահն ասաց, որ դա իր սիրած թեման է։ «Մեր ֆրակցիան համապատասխան հայտարարությունն արել է, դրանից հետո բան չի փոխվել, իմպիչմենտի հիմքերը կան, ավելի քան անհրաժեշտ է, բայց ձայները չկան։ Ես մինչ այսօր ինֆորմացիա չունեմ, որ իմպիչմենտի անհրաժեշտ ձայները նախաձեռնողներն ունեն, ես այդ ինֆորմացիան չունեմ»,- ասաց բանախոսը: