
Մոդուլային գործող ատոմակայան, բացի Ռուսաստանից, որևէ այլ երկրում չկա. մնացածը թոզփչոցի է. Ռոբերտ Քոչարյան
«Մոդուլային ատոմակայանի խոսակցությունը թոզ փչելու, անտուրաժ ստեղծելու մասին է, որ խոշոր, երկարատև պրոյեկտների մասին են մտածում, ՀՀ-ի ապագան պայծառ է, դիվերսիֆիկացված։ Այսօր չկա, պարապ խոսակցություն է։ Մոդուլային աշխատող կայան՝ լիցենզավորված, ունի Ռուսաստանը»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության՝ մոդուլային ամերիկյան ատոմակայաններ հիմնելու մտադրությանը։
Երկրորդ նախագահը պատմեց, որ երբ ինքն ընտրվել էր նախագահ, ՀՀ-ն ատոմակայանի փակման հետ կապված պարտավորություն ուներ։ «EBRD-ի հետ մի վարկ էր ստորագրվել ժամանակին, որի պայմաններից մեկն այն էր, որ գումար են տալիս «Հրազդանի ՋԷԿ»-ի հինգերորդ բլոկը կառուցելու համար, և դրա դիմաց պետք է փակվեր ատոմակայանը։
Բավական ծանր բանակցություններ վարեցի մեկ-մեկուկես տարի, և հրաժարվեցինք։ Նույնիսկ այն ժամանակ կոնսերվացիայի եմ ենթարկել հինգերորդ բլոկի շինարարությունը և ասել, որ այդ վարկի շարունակությունը մեզ պետք չէ։ Կոնսերվացրել ենք այդ ծրագիրը, հետո «Գազպրոմ»-ի միջոցով ավարտին հասցրել։ Այո, Հայաստանը պետք է ունենա ատոմակայան, հիմա խոսում են նոր ատոմակայանի կառուցման մասին։ Ես առնվազն վերջին 20 տարին լսում եմ այդ խոսակցությունները։ Խոսում են մոդուլային ատոմակայանների մասին, սակայն, բացի Ռուսաստանից, աշխարհում ոչ մի երկիր այսօր չունի մոդուլային աշխատող ատոմակայան։
Պարզապես չկա։ Ժողովուրդ ջան, չկա, այսօր չկա»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ կարող է՝ 5 տարի հետո լինի։
Նա տեղեկացրեց, որ կա մի փոքր ավելի էքսպերիմենտալ կայան Չինաստանում։