Լավ է՝ շտապօգնություն չեկավ Արմինե Մելիքսեթյանի հետևից․․․ այնքան հուզված էր․ Դա էլ բխում է նրանից, որ շատ լավ հասկանում է՝ ինչի տակ է մտել․ Իրավապաշտպան

«Դատարանը վճռեց՝ Գևորգ-Միքայել Արտաշեսի Աջապահյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով․․․»,- նախօրեին դատարանն այսպես սկսեց իր վճռի ընթերցումը՝ Միքայել Սրբազանին դատապարտելով 2 տարի ազատազրկման։

Դատավոր Արմինե Մելիքսեթյանին ճանապարհեցին «ամոթ» վանկարկումներով:

Նկատենք՝ Միքայել Սրբազանն իրականում մեղադրվում էր 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Որքանո՞վ է լեգիտիմ դատարանի այս վճիռը թե՛ բովանդակության, թե՛ ձևի առումով, որովհետև նաև ակնհայտ սխալ հոդված է նշվել, 168am-ը հետաքրքրվեց փաստաբան, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանից։

Կարդացեք նաև

«Ես հետևում էի․ լավ է՝ շտապօգնություն չեկավ Արմինե Մելիքսեթյանի հետևից, որովհետև այն կարգի հուզված վիճակում, որ ինքն էր, հնարավոր է՝ մի վնաս տար իրեն։ Դա էլ բխում է նրանից, որ շատ լավ հասկանում է՝ ինչ է անում, ինչի տակ է մտել։ Եթե այդ պահին նա կարողացել է այդքան կոպիտ սխալը թույլ տալ, գալիս է իր հույզերից»,- այսպես արձագանքեց Հովհաննես Խուդոյանը դատարանի դրվագին։

Նա չբացառեց, որ գուցե դատավորի վրա ինչ-որ ճնշում է եղել, ինչ-որ գործ, որով կարող է նրան դատեին, և դրա ազդեցությամբ է դատավոր Մելիքսեթյանը ստիպված «պատվեր կատարում»։

«Բայց ցանկացած տեսակի կոմպրոմատ, ցանկացած տեսակի շանտաժ, սպառնալիք և այլն, չի կարող համեմատվել այն արարքի հետ, ինչն ինքը կատարել է, եթե իրեն պետք է նստեցնեին, թող նստեցնեին։ Բացառիկ դեպքերում է միայն, արտահայտություն կա, չէ՞, պադվալում զենքը դրել են ճակատին, միայն այդ դեպքերում է, որ մարդը կարող է նման ծայրահեղ քայլերի գնալ, իսկ մնացածն ընտրության հարց է»,- Արմինե Մելիքսեթյանի ընտրության հնարավորություններին անդրադառնալով՝ նշեց Հովհաննես Խուդոյանը։

Իրավապաշտպանն ամփոփելով՝ նկատեց, որ Միքայել Սրբազանին առնչվող գործն ի սկզբանե ապօրինի է եղել։

«Այս ամենն աններելի է ուղղակի։ Իսկ պատիժն էլ իրականում պատիժ չէ, քանի որ պատիժը նախատեսված է հանցագործների համար․ սա ուղղակի հալածանք է հայ հոգևորականի նկատմամբ»,- շեշտեց Խուդոյանը։

Տեսանյութեր

Լրահոս