Նիկոլական «կռուտիտների» սահմանն անդին է. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Նիկոլական «կռուտիտների» սահմանն անդին է․ ինչպես ինքն է մի քանի անգամ հրապարակային հայտարարել՝ «չկա հարց, որը պատասխան չունենա»։ Այստեղ ես նրա հետ թերևս կհամաձայնեմ և քունաշ չեմ տա, քանի որ, իրոք, նա այն եզակի էպատաժային կերպարն է, ով ունի բոլոր հարցերի «նիկոլական» պատասխանը և կարող է դուրս գալ ցանկացած իրավիճակից՝ անկախ նրանից, թե հարցադրումն ինչի մասին է։ Երեկ ԱԺ-ում նա հերթական անգամ այս փաստը վերահաստատեց։

Նիկոլը կրկին փորձեց «բառախաղի» միջոցով լղոզել Ալիևի օրակարգը՝ հայտարարելով, թե «Զանգեզուրի միջանցք» ասելով Ադրբեջանը իբր նկատի ունի ոչ թե Սյունիքով անցնող, այսպես կոչված «Թրամփի ուղին», այլ Հորադիզ–Զանգելան ճանապարհը՝ «ուղղակի նրանք կարճ ասում են Զանգեզուրի միջանցք, իրենց երկիրն է՝ ինչ ուզում են թող ասեն»։ Թվում է՝ գծվում է մի անմեղ սխալ անվանում, բայց իրականում սա նույն հին սցենարն է․ սկզբում հնչում է հանգստացնող, ինքնավստահ հերքում, հետո ժամանակի ընթացքում նույն բառերը աստիճանաբար միս ու արյուն են ստանում։

Մենք դա տեսել ենք Արցախում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»-ից մինչև Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում, տեսել ենք բանակի մասին խոսքում՝ «ամենահզոր բանակ»-ից մինչև «ռեսուրս չունենք պատերազմելու», արտաքին քաղաքականությունում՝ «Ռուսաստանը մեր դաշնակիցն է»-ից մինչև «դաշնակցային հարաբերությունները ճգնաժամի մեջ են» և այլն։

Այսօր նա վստահեցնում է, թե «Զանգեզուրի միջանցք» Սյունիքին չի վերաբերում։ Բայց եթե հետևենք անցյալի օրինաչափությանը, վաղը նույն ձևակերպումը կհնչի արդեն պաշտոնական լեզվով, ու նորից կհայտնվի նույն հին հեգնական ժպիտը․ «ո՞նց ես տենց բան եմ ասել, չեմ հիշում»։ Ասեմ ավելին՝ գրեթե կասկած չունեմ, որ Ալիևը այնպես է անելու, ուղիղ ձևով «դեմը դնելու» է և պահանջելու, որ նույն Նիկոլն ինքը ոչ միայն բարձրաձայնի «Զանգեզուրի միջանցքի» մասին, այլ իր թաթիկով քարտեզի վրա ցույց տա, թե ինչպես է այն անցնելու։ Իսկ հետո էլ մի գեղեցիկ դիֆերամբ կձոնի՝ «ահա այս միջանցքը լինելու է ՀՀ զարգացման ու խաղաղության առանցքային այցեքարտը, ինքնիշխանության ապացույցը»։

Սա հերթական ապացույցն է, որ Նիկոլի քաղաքական ոճը մշտապես հիմնված է խոսքի սահմանների աճպարարության, ժամանակ շահելու և հանրային հիշողությունը մանիպուլացնելու վրա։ Նրա այս մոտեցմամբ Սյունիքի անվտանգությունը և պետության շահերը մշտական վտանգի տակ են, և չկա ոչ մի երաշխիք, որ այսօր հերքածը վաղը պարտադրված չի դառնա»։

Տեսանյութեր

Լրահոս