
Ինչպե՞ս պաշտպանել սիրտը․ Սրտի համաշխարհային օրը՝ սրտաբան Տաթևիկ Հովակիմյանի խորհուրդներով

Սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է․ օրացույցում այս օրն առանձնացնելը նախաձեռնել է Սրտի համաշխարհային ֆեդերացիան՝ World Heart Federation-ը, նպատակ ունենալով բարձրացնել հասարակության իրազեկությունը սրտանոթային հիվանդությունների մասին, որոնք համարվում են մահվան հիմնական պատճառներից աշխարհում։
Ի դեպ, այս խորհրդանշական օրվա նշանաբաններն ամեն տարի փոխվում են․ 2025թ․ այն ունի հետևյալ ձևակերպումը՝ «Don’t Miss a Beat» («Բաց մի թող սրտի զարկը»)։
168․am-ն օրվա խորհրդի մասին զրուցել է սրտաբան-առիթմոլոգ, հանրային առողջության մասնագետ, «ԿարդիոԼաբ» բժշկական կենտրոնի համահիմնադիր և տնօրեն Տաթևիկ Հովակիմյանի հետ։
Ինչպե՞ս պաշտպանել սիրտը, բազային ի՞նչ 5 քայլ կնշեք, որը կտանի դեպի առողջ սիրտ՝ մեր հարցադրումներին ի պատասխան՝ բժշկուհի Հովակիմյանը նշեց․
«Առաջինը՝ ճիշտ սնվել, այսինքն՝ սննդակարգում անպայման կարևորել մեծ քանակությամբ բջջանքի, բուսական ծագման ճարպերի, ընդեղենի, թռչնամսի և ծովամթերքի օգտագործումը։ Ի դեպ, ցանկալի է սնունդն ընդունել հնարավորինս չմշակված վիճակում։
Քայլ երկրորդ՝ շարժվել․ ֆիզիկական ակտիվությունը կարևոր է։ Ցանկալի է շաբաթական 150-300 րոպե միջին ինտենսիվության ակտիվություն անել։ Դա կարող է լինել քայլքի, վազքի, հեծանվասպորտի, լողի, յոգայի, պարի, դինամիկ սպորտաձևերի միջոցով։
Երրորդը՝ իհարկե, չծխելն է․ պարտադիր ուշադրություն դարձնել դրան։
Չորրորդը՝ հետևել մարմնի զանգվածին, որպեսզի լինի առողջ, նորմայի սահմաններում, այսինքն՝ մարմնի զանգվածի ինդեքսը 19-ից մինչև 24 պահել միջինում։
Եվ հինգերորդը՝ 40 տարեկանից հետո գոնե 1 անգամ կանխարգելիչ բուժզննման գնալ սրտաբանի մոտ»։
Առհասարակ, սիրտը խնայելու համար սրտաբան-առիթմոլոգը խորհուրդ տվեց հնարավորինս խուսափել տարբեր տեսակի կախվածություններից՝ սկսած սոցիալական մեդիայից, վերջացրած՝ ալկոհոլի, ծխախոտի և թմրադեղերի կիրառությամբ, և հակառակը՝ խրախուսեց մեծացնել շփումը բնության հետ։
Սրտային խնդիր ունեցողների ցուցանիշների մտահոգիչ աճի մասին մեր դիտարկմանն արձագանքելով՝ Տաթևիկ Հովակիմյանն ասաց․ «Ցուցանիշները երկակի նշանակություն ունեն, որովհետև նաև հայտնաբերելիությունն է շատացել։ Այո՛, աճել են, բայց դա կարող է նաև կապված լինել նրա հետ, որ մենք ավելի շատ ենք հայտնաբերում և ախտորոշում հիվանդությունները։ Եվ, այդ առումով, նորից կարևոր է, որ մարդիկ ժամանակին դիմեն բժշկի և խուսափեն վնասակար սովորություններից»։