Փաշինյանի պաշտոնավարումը գոյության սպառնալիք է Հայաստանի համար. հայտարարություն

Այսօր Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկով խորհրդարանական լսումներ են հրավիրվել իմպիչմենթի վերաբերյալ:

Իր ելույթում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ վերջին ամիսներին բազմաթիվ քննարկումներ են եղել՝ երկրում ստեղծված աննախադեպ ծանր ու ճգնաժամային իրադրության պայմաններում ընդդիմությունն ի՞նչ անելիքներ ունի հավաքական առումով, ի՞նչ առաջարկ ունի հասարակությանը և ո՞րն է պայքարի արդյունավետ ճանապարհը: Այս համատեքստում նա շարունակել է, որ Հանրապետականն իր հստակ դիրքորոշումն արտահայտել է, ինչը դրսևորվել է «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ՝ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի մեկնարկով:

«Թեպետ մենք մեր մոտեցումն ի սկզբանե ներկայացրել էինք, սակայն մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք ոչ միայն այս գործիքի, այլ ընդդիմադիր դաշտում առկա այլ գործիքակազմերի ու առաջարկների շուրջ քննարկումներին, որովհետև մեզ համար առաջնայինը լայն կոնսեսուսի, համախմբման գործընթացի ձևավորումն է:

Այս ամիսների ընթացքում բազմաթիվ քաղաքական և հասարակական ուժերի, նախաձեռնությունների, գործիչների և պարզապես իրավիճակով մտահոգ քաղաքացիների հետ ենք հանդիպել:

Առավել առարկայական քննարկումներ ունեցել ենք հատկապես վերջին 2-3 շաբաթվա ընթացքում՝ քաղաքական դաշտի տարբեր մասնակիցների, դերակատարների հետ հանդիպումներում: Եթե ամփոփեմ վերջին ամիսների քննարկումները, ապա ակնհայտ է, որ առնվազն մի քանի առանցքային հարցերում, ընդհանուր առմամբ, կոնսեսուս է ձևավորված:

Առաջին, դա վերաբերում է կառավարությանն անվստահություն հայտնելու հիմքերին, որի հետ կապված իրական ընդդիմադիր շրջանակներում մոտեցումները ներդաշնակ են:

Երկրորդ, ներընդդիմադիր դաշտում կա հստակ փոխհամաձայնեցում այն հարցում, որ պետք է առարկայական քայլեր ձեռնարկել գործող իշխանությանն ու նրա ղեկավարին կոմֆորտ զոնայից դուրս բերելու և իրականության հետ առերեսելու համար:

Երրորդ, ընդդիմադիր դաշտում գերիշխող է այն մոտեցումը, որը չպետք է թույլատրել իշխանութանը՝ սեփական օրակարգը հասարակության վզին փաթաթելը, և ընդդիմությունը պետք է այս առումով նախաձեռնողականություն դրսևորի՝ օրակարգի ձևավորման և խաղի կանոններ թելադրելու առումով:

Չորրորդ, ընդդիմադիր դաշտում առկա է ընկալում, որ մեր երկրում ու դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կարող են պատուհան բացել՝ ներքաղաքական պրոցեսները արդյունավետ ռելսերի վրա դնելու և մեր քաղաքացիների առաջ բարձր պատասխանատվություն ստանձնելու առումով:

Հինգերորդ, ներընդդիմադիր հարաբերություններում ավելի շատ առկա է փոխըմբռնման, միմյանց ձեռք սեղմելու և համախմբվելու տրամադրություն, քան հակադրվելու, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում համազգային ճակատի ձևավորման համար:

Վեցերորդ, բոլորս էլ գիտակցում ենք, որ մեր քաղաքացիները, իրադրության առանձնահատկություններն ու վտանգավորությունը գիտակցելով, մեզանից ակնկալիք ունեն, որպեսզի մենք շարժվենք ոչ միայն ընտրական տրամաբանության շրջանակներում, այլ անենք մեզանից կախված հնարավորինը՝ մինչև ընտրություն իրավիճակ փոխելու և այս իշխանության ագրեսիան սեփական ժողովրդի նկատմամբ զսպելու ուղղությամբ:

Յոթերորդ, մեր նախաձեռնած քննարկումները նաև ցույց տվեցին, որ կա բավականին լայն ընկալում, որ գործող իշխանության առաջնորդի պաշտոնավարման յուրաքանչյուր օրը հղի է մեր երկրի համար ՞այրահեղ վտանգավոր հետևանքներով:

Օրինակ՝ երբ քաղաքական դիսկուրսում նոր էր շրջանառվում կառավարությանն անվստահություն հայտնելու գաղափարը՝ արդեն այդ պահին ստեղծված իրավիճակային սրացումներով, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իշխանական սարսափելի հարձակումները դեռ այսպիսի ծայրահեղ մակարդակի չէին հասել, եկեղեցու 2 հարգված Սրբազանները դեռևս չէին կալանավորվել, մեզ հետ միասին էր մեր ընկեր Արթուր Սարգսյանը, արցախցի մեր գործընկեր Դավիթ Գալստյանը դեռ չէր ազատազրկվել, հայրենիքի պաշտպանության համար նահատակված Հակոբ Ռոստոմյանի հարգարժան հայրը՝ Արա Ռոստոմյանը, դեռ ազատության մեջ էր, Սրբազան շարժման ակտիվ դեմքերը ճաղերի հետևում չէին, բարերար Սամվել Կարապետյանը դեռ քաղաքական հետապնդումների և ապօրինի ազատազրկման չէր ենթարկվել:

Ի վերջո, չկային վաշինգտոնյան պայմանավորվածություններն ու հասարակությանը մոլորեցնող տոտալ կեղծիքի արմատական դրսևորումները:

Հարգելի՛ գործընկերներ, մինչ այս լսումները տեղի ունեցած քաղաքական կոնսուլտացիաներն ու ասօրվա միջոցառումը պետք է դառնա այն հանգրվանային կետը, երբ կհստակեցվեն ոչ միայն մեր դիրքորոշումները, այլ հանարվորություն կստանանք շարժվելու իրավիճակից բխող լավագույն ճանապարհով: Հանրապետականի առաջարկն արդեն հնչել է, լայն քննարկումների առարկա դարձել, եթե կան այլ մոտեցումներ և լուծումներ, մենք պատրաստ ենք դետալային քննարկման:

Եկե՛ք, մի կողմ դնենք այս կամ այն փուլում մեր մեջ եղած բոլոր տարաձայնությունները, նեղ քաղաքական շահերը, և մանրամասն քննարկումներով, կարծիքների փոխանակմամբ, հասնենք առավելագույնս մեծ կոնսեսուս ապահովող և դրա իրականացման համար վստահելի ու փոխընդունելի գործիքների շուրջ համաձայնության»:

Տեսանյութեր

Լրահոս