
Արմեն Աշոտյանը կկարողանա մասնակցել ԵԺԿ համաժողովին. բացակայելու արգելքը վերացվեց

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Այս դատական նիստում պետք է շարունակվեր գործով վկա Գալինա Հարությունյանի հարցաքննությունը, սակայն թարգմանչի բացակայության պատճառով հարցաքննությունը հետաձգվեց:
Պաշտպանական կողմը սակայն նշեց, որ միջնորդություն ունեն:
«ԵԺԿ միջազգային քարտուղարների համաժողովի բացման արարողությանն են հրավիրում Արմեն Աշոտյանին, որը տեղի կունենա Բարսելոնում հոկտեմբերի 1-4-ը»,- Աշոտյանին ուղղված հրավերի տեքստն ընթերցեց նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ միջնորդելով վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը, իսկ եթե հնարավոր չէ, թույլատրել մի քանի օրով մեկնել ու վերադառնալ:
Արմեն Աշոտյանը նկատեց՝ իր քաղաքական գործունեությունն ամենասկզբից է սահմանափակված եղել, բայց այս հրավերը կուսակցությունից որևէ մեկի փոխանցվել չի կարող:
«Միջնորդում եմ, որ արտաքին քաղաքական քաղաքական ուղղությունը, որը 2009թ.-ից ներկայացնում եմ արտերկրում, վերականգնվի եթե ոչ ամբողջական, ապա գոնե անհրաժեշտ նվազագույն ծավալով»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Մարթա Սիմոնյանի պաշտպանն էլ ասաց՝ թող գնա-գա մարդը, էլի. երկրի համար է անում, ոչ թե կուսակցության:
Լսելով կողմերին՝ դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց՝ նախ շաբաթը 3 անգամի փոխարեն թույլատրել Արմեն Աշոտյանին 2 անգամ ստորագրել Պրոբացիայի ծառայությունում: Բացի դրանից, վերացրեց բացակայելու արգելք խափանման միջոցը, ինչը նշանակում է, որ Արմեն Աշոտյանը կկարողանա մեկնել ԵԺԿ համաժողովին:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: