
Կրթությունից՝ նորարարություն և Հայաստանից՝ Վրաստան․ մեկնարկել է WIN4Education ծրագիրը

Սեպտեմբերի 19-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկեց WIN4Education ծրագիրը՝ նշանավորելով ծրագրի ընդունելության փուլի ավարտը Հայաստանում և դրա մեկնարկը Վրաստանում։
Վեցամսյա անվճար դասընթացներ և մենտորություն, 100-ական մասնակից Հայաստանից և Վրաստանից, կրթական նորարարությունների սկիզբ տարածաշրջանային մակարդակով։ FAST-ը շարունակում է կրթությունից դեպի նորարարության զարգացման իր ուղին՝ բացահայտելով կանանց ու երիտասարդների ներուժը և վերածելով նրանց փորձը ձեռնարկատիրական գաղափարների։
«Միավորելով ուժերը տեղի և միջազգային գործընկերների հետ՝ WIN4Education-ը բացառիկ հարթակ է ստեղծում՝ վերածելու ԳՏՃՄ ոլորտում կրթական փորձառությունը ձեռնարկատիրական նախաձեռնությունների թե՛ անհատական, թե՛ համայնքային և թե՛ տարածաշրջանային մակարդակում»-բացման իր խոսքում նշել է FAST-ի Գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում՝ «Դասավանդի՛ր Հայաստան»-ի, իսկ Վրաստանում՝ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) հետ համագործակցությամբ։ Հիմքում անցած տարի FAST-ի մեկնարկած «Նորարար կանայք»/Women Innovators (WIN) ծրագիրն է։
Դառնալով ավելի ընդգրկուն, մասշտաբային և երկարաժամկետ՝ ծրագիրն այս տարի շարունակականություն է ստանում Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության, Helvetas-ի, Help – Hilfe zur Selbsthilfe-ի շնորհիվ իրականացվող «RECONOMY» ծրագրի աջակցությամբ:
«WIN4Education-ի հիմքում երկու կարևոր գործոններ են՝ ներառականությունը և տարածաշրջանային համագործակցությունը։ Այսպիսի նախաձեռնությունների միջոցով մենք ձգտում ենք ստեղծել ավելի ուժեղ ու դիմացկուն հասարակություններ, խթանել նորարարությունը և քայլեր կատարել առաջընթացի համար»-նշել է Արևելյան գործընկերության երկրների գծով Help – Hilfe zur Selbsthilfe-ի համակարգող Իրինա Ստամատովիչը։
Միջոցառումը մաս էր կազմել նախորդ շաբաթ Հայաստանում հյուրընկալված «Gateway to Europe» համաժողովի:
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017-ին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանող էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այս ուղղությամբ հիմնադրամն իրականացնում է կրթական, գիտական եւ գիտական արդյունքի առեւտրայնացման նախագծեր՝ ամբողջացնելով նորարարական մտքի ձեւավորումից մինչեւ դրա նյութականացում տանող շղթան: Իր գործունեության ութ տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 30 ծրագիր՝ հասնելով ավելի քան 24 000 շահառուի։
«RECONOMY»-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) տարածաշրջանային, ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրագործվում է Helvetas Swiss Intercooperation-ի, Help – Hilfe zur Selbsthilfe-ի, Արևելյան գործընկերության և արևմտյան Բալկանյան երկրներից գործընկեր կառույցների աջակցությամբ:
Gateway to Europe ծրագիրը կազմակերպվել է EBAN, BANA Angels, Science & Technology Angels Network (STAN) և Angel Investor Club of Armenia (AICA) կազմակերպությունների կողմից՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև EU4Innovation East ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից, համաֆինանսավորվում է Ֆրանսիայի կառավարության կողմից և իրականացվում է Expertise France կազմակերպության և UN Women-ի կողմից։