Այսօրվա Սահմանադրության իրավակարգը ատելի է ժողովրդի համար՝ ինչքան ատելի է եղել նախկինում․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական ֆորումի պանելային քննարկման ընթացքում հայտարարեց, որ Հայաստանի առաջիկա հինգ տարիների համար ամենակարևոր բարեփոխումներից մեկը նոր Սահմանադրության ընդունումն է։

Նրա խոսքով՝ հիմնական խնդիրը դատական իշխանության և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է:

«Իմ համոզմամբ, ամենակարևոր ինստիտուցիոնալ խնդիրը դատական իշխանության օրգանական կապի ստեղծումն է ժողովրդի հետ: Այսօրվա Հայաստանի Սահմանադրության և իրավակարգը նույնքան ատելի է մեր ժողովրդի համար, ինչքան ատելի է եղել նախկիններում՝ Խորհրդային Միության, դրանից առաջ ռուսական կայսրության, դրանից առաջ Օսմանյան կայսրության, դրանից առաջ պարսկական կայսրության կողմից իրեն պարտադրված օրակարգը», – ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ գործող Սահմանադրությունը երբեք հանրաքվեում չի ստացել ժողովրդի 50 տոկոսից ավելի աջակցություն, ինչի հետևանքով այն ընկալվում է որպես «պարտադրված» փաստաթուղթ:

«Հայաստանում հաստատված իրավակարգը ժողովուրդն իրենը չի համարում, որովհետև ինքը չի համարում, որ ինքը ձեռք է բերել պայմանավորվածություն, թե ներհայաստանյան կյանքում ինչ կանոններով ենք ապրում», – նշեց նա։

Նա կարևորեց նաև երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը՝ որպես դատական համակարգի նկատմամբ վստահություն բարձրացնելու միջոց։

Նրա գնահատմամբ՝ առանց նոր Սահմանադրության և արդարադատության ոլորտի արմատական բարեփոխումների անհնար է հասնել կայուն ինստիտուցիոնալ ժողովրդավարության։

Տեսանյութեր

Լրահոս