
Դասագրքերում պետք է գրել, որ այսպես չի կարելի. Միքայել սրբազանի պաշտպանները հանդես եկան եզրափակիչ ելույթներով
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մեկնարկել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը։
Նախորդ դատական նիստին եզրափակիչ ելույթները շարունակվեցին:
Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաև Միքայել սրբազանը:
«Անշուշտ, նպատակն ինձ վարկաբեկելն էր՝ հասարակության լայն զանգվածներին ցույց տալու համար, որ հոգևորականը, ում այսքան տարի հարգել եք, հանցագործ է: Բայց հակառակ էֆեկտն ունեցավ: Նրանք, ովքեր ինձ չէին ճանաչում, ճանաչեցին: Մյուսները հասկացան՝ իմ գործողություններում խնդիր չկա»,- ասաց Միքայել սրբազանը:
Այսօրվա դատական նիստին եզրափակիչ ելույթով հանդես եկավ պաշտպան Ռոման Ահարոնյանը: Խոսքի ավարտին նա դատարանից պահանջեց արդարացնել Միքայել սրբազանին:
Հաջորդիվ եզրափակիչ խոսք ասաց Սրբազանի մյուս պաշտպանը՝ Հարութ Ակլունցը: Նա ևս պնդեց՝ Միքայել սրբազանը հեղաշրջման կոչ չի արել և պետք է անմեղ ճանաչվի, արդարացվի ու ազատվի կալանքից:
Պաշտպաններից հաջորդը եզրափակիչ ելույթով հանդես եկավ Երեմ Սարգսյանը:
«Իրավաբանության մեջ նոր խոսք է: Դասագրքերում պետք է գրել, որ այսպես չի կարելի: Ո՞նց կարելի է սենց բան բերել մեղադրանքը հաստատելու համար: Մեղադրանքը բերելիս այդպես էլ մեղադրողները չկարողացան ապացուցել՝ որն է կոչը, իսկ եթե չկա կոչ, չկա նաև հանցագործություն»,- տարակուսեց Երեմ Սարգսյանը:
Դատական նիստը, պայմանավորված աշխատանքային ժամի ավարտով, հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 15:30-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: