Ընդդեմ մամուլի հայցի գործը Վերաքննիչ քաղաքացիական դատարանում է
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Գոհար Մատինյանի նախագահությամբ, հունիսի 6-ին կհրապարակի «Հայկական ժամանակ» և «Առավոտ» օրաթերթերի դեմ նախկին դատապարտյալ Ռազմիկ Աբրահամյանի հայցադիմումի գործով բողոքի վերաբերյալ դատական ակտը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, մարտի 7-ի վճռով ամբողջությամբ մերժել էր նախկին դատապարտյալի հայցը, վճռով հայցվորը պարտավորեցվել է նաև վճարել 80 հազար դրամ՝ որպես չվճարված պետտուրքի գումար:
2004 թվականի մարտի 29-ի դատավճռով 9 տարվա ազատազրկման դատապարտված և անցյալ տարի ազատ արձակված Ռազմիկ Աբրահամյանը թերթերից պահանջում էր հատուցել իր պատվին ու արժանապատվությանը հասցված վնասը, որը նա գնահատում էր 4.000.000 ՀՀ դրամ՝ 2 մլն-ական դրամ յուրաքանչյուր լրատվամիջոցից: Մինչ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը՝ նա վերանայել էր հատուցման գումարի չափը՝ յուրաքանչյուր լրատվամիջոցից պահանջելով մեկական մլն. դրամ:
Զոհերի անպաշտպան վիճակից օգտվելով՝ անառակաբարո գործողություններ կատարելու համար դատապարտված Ռ.Աբրահամյանը կարծում էր, թե ինքը դատապարտվել է 2003թ. սեպտեմբերի 26-ին «Առավոտ» օրաթերթում Ռուզան Մինասյանի ստորագրությամբ լույս տեսած «Պեդոֆիլը կստանա երկու տարի՞» և 2003 թվականի սեպտեմբերի 5-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում Ա.Կարապետյանի ստորագրությամբ լույս տեսած «62-ամյա պետերաստը խոստովանել է իր մեղքը» հոդվածների հրապարակման պատճառով:
Լրատվամիջոցները, բնականաբար, համաձայն չէին այս «մեղադրանքի» հետ, քանի որ դրանք շատ մեղմ, զուտ տեղեկատվական բնույթի հոդվածներ են եղել՝ հղումների օգտագործմամբ: Ճիշտ է, լրատվամիջոցները համոզված էին իրենց հրապարակումների ճշմարտացիության մեջ, առավել ևս, երբ գործով առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, այդուհանդերձ, օրաթերթերը ներկայացնում էին հայցադիմումի մերժման այլ հիմքեր՝ հայցի վաղեմության ժամկետի լրանալը՝ հայցը վերաբերում էր շուրջ 10 տարի առաջ՝ 2003 թվականին հրապարակված հոդվածներին։
«Փաստինֆո»