
ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Չինաստան․ ամերիկյան կողմը կոչ է արել Պեկինին ընդլայնել ռազմական երկխոսությունը

Ամերիկացի օրենսդիրների երկկուսակցական խումբը կիրակի օրը հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ՝ կոչ անելով ընդլայնել ռազմական երկխոսությունը։ Այս այցը դարձել է Կոնգրեսի ներկայացուցիչների հազվադեպ այցերից մեկը՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները սրվել են, հաղորդում է Associated Press-ը։
Սենատորների վերջին այցը տեղի է ունեցել 2023 թվականին, իսկ կիրակի օրը ժամանած պատվիրակությունը դարձել է Ներկայացուցիչների պալատի առաջին պատվիրակությունը, որը այցելել է Պեկին 2019 թվականից ի վեր։
Լի Ցյանը ողջունել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Սմիթի գլխավորած պատվիրակությանը, և այս այցը անվանել «սառցահատի ճամփորդություն, որը կուժեղացնի երկու երկրների կապերը»։
Սմիթը՝ Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի կոմիտեի դեմոկրատ անդամը, նշել է, որ կողմերը համաձայնության են եկել այցի հիմնական նպատակի շուրջ։
«Անկասկած, առևտուրը և տնտեսությունը առաջնային են… (բայց նաև) մենք մեծ ուշադրություն ենք դարձրել մեր ռազմական երկխոսությանը, – ասել է նա իր բացման խոսքում։- Որպես Զինված ուժերի կոմիտեի անդամ՝ ես խորապես մտահոգված եմ, որ մեր զինվորականներն այլևս չեն շփվում»։
«Չինաստանը և ԱՄՆ-ն աշխարհի երկու ամենահզոր և ազդեցիկ երկրներն են, և իսկապես կարևոր է, որ մենք կարողանանք համերաշխ ապրել և խաղաղ գոյակցել, – հավելել է Սմիթը։- Ես իսկապես ողջունում եմ ձեր դիտարկումները՝ այս հարաբերությունները կառուցելու և ամրապնդելու ցանկության վերաբերյալ»։
Պատվիրակության կազմում են եղել նաև հանրապետական Մայքլ Բաումգարտները՝ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի անդամը, ինչպես նաև դեմոկրատներ Ռո Հաննան և Քրիսի Հուլահանն՝ Զինված ուժերի կոմիտեից։ Օրենսդիրները Չինաստանում կմնան մինչև հինգշաբթի։
ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները վատթարացել են Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետից հետո՝ բարդանալով առևտրային լարվածությամբ, Թայվանի կարգավիճակով, Պեկինի աջակցությամբ Ռուսաստանին և Չինաստանի տարածքային հավակնություններով՝ Հարավչինական ծովում։
Թրամփը հայտարարել է, որ կհանդիպի Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ տարածաշրջանային գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա հոկտեմբերի վերջին Հարավային Կորեայում, և որ նա կայցելի Չինաստան «հաջորդ տարվա սկզբին»՝ նրանց միջև ուրբաթ օրը կայացած երկարատև հեռախոսազրույցից հետո։