Եվրամիությունը կասեցրել է ֆինանսական աջակցությունը Իսրայելին

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) սեպտեմբերի 17-ին հայտարարել է Իսրայելին տրամադրվող օգնությունը դադարեցնելու որոշման մասին՝ այն հիմնավորելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրմամբ: ԵՀ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ արգելքը չի առնչվում միայն քաղաքացիական հասարակությանը և «Յադ Վաշեմ» հիշատակի կազմակերպությանը հատկացվող աջակցությանը:

ԵՀ հաղորդագրությունում ընդգծվում է, որ որոշումը վերաբերում է, մասնավորապես, 2025-2027 թվականների համար նախատեսված տարեկան հատկացումներին, ինչպես նաև Իսրայելի հետ ինստիտուցիոնալ համագործակցության ընթացիկ նախագծերին ու ԵՄ-Իսրայել տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի շրջանակներում ֆինանսավորվող ծրագրերին։

Բրյուսելում հստակեցրել են, որ Եվրամիությունը Իսրայելին ֆինանսական աջակցություն է տրամադրում հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության «Գլոբալ Եվրոպա» գործիքի շրջանակներում՝ միության 2021-2027 թվականների երկարաժամկետ բյուջեի մասով։ Ըստ այդմ, Իսրայելը 2025-2027 թվականներին տարեկան պետք է ստանար միջինում 6 միլիոն եվրո։

Միաժամանակ, ԵՄ-ն կդադարեցնի ինստիտուցիոնալ համագործակցության նախագծերի իրականացումը, ներառյալ գործընկերային ծրագրերը և ԵՄ-Իսրայել տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի շրջանակներում իրականացվող նախագծերը, որոնք գնահատվում են շուրջ 14 միլիոն եվրո։

Համապատասխան առաջարկը ներկայացվել է Իսրայելի կողմից ասոցացման համաձայնագրի 2-րդ հոդվածի պահպանման ստուգումից հետո: Պարզվել է, որ Իսրայելի կառավարության գործողությունները մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների հարգման վերաբերյալ հիմնարար դրույթների խախտում են»։ Ըստ Եվրահանձնաժողովի՝ դա ԵՄ-ին իրավունք է տալիս միակողմանիորեն կասեցնել համաձայնագիրը։

Հայտնաբերված խախտումը վերաբերում է Իսրայելի ռազմական միջամտությունից հետո Գազայի հատվածում սրընթաց վատթարացող մարդասիրական իրավիճակին, մարդասիրական օգնության շրջափակմանը, ռազմական գործողությունների ակտիվացմանը և Հորդանան գետի Արևմտյան ափին բնակավայրերի ծրագիրը առաջ մղելու Իսրայելի իշխանությունների որոշմանը, որն, ըստ Եվրահանձնաժողովի, ավելի է խաթարում երկու պետությունների համագոյության սկզբունքը:

Տեսանյութեր

Լրահոս