«Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել է Հովիկ Աբրահամյանին
«Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՀՀ ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանին, որում մասնավորապես ասված է.
«Ազգային ժողովի պաշտոնական լրահոսից տեղեկացվել ենք, որ Ազգային ժողովում ս. թ. մայիսի 23-ին ժամը 18.00-ին գազի սակագնի սպասվող փոփոխության հետ կապված Ձեր նախաձեռնությամբ կկազմակերպվելու է քննարկում, որին հրավիրվելու են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, կառավարության ներկայացուցիչներ:
Որպես շահագրգիռ հանրություն և մտահոգ քաղաքացիներ, ցանկանում ենք տեղեկանալ, թե՝
1) հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ ինչո՞ւ ներգրավված չեն հրավիրյալների ցանկում,
2) արդյո՞ք այդ քննարկումը բաց է լինելու և ցանկացողները կարող են մասնակցել,
3) արդյո՞ք ԶԼՄ-ների համար մուտքն ազատ է:
Այնուամենայնիվ, առաջարկում ենք Ձեզ ս. թ. մայիսի 23-ին ժամը 18.00-ին նշանակված քննարկման ընթացքում մասնակից դարձնել նաև հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին (շահագրգիռ հանրությանը)»: