Ինձ Աստծուց տրված իշխանությամբ ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր կասկածում են իմ անմեղությանը ու կփորձեն իմ անմեղության վրա կայանալով՝ տուն պահել. Սրբազանի գործով եզրափակիչ ելույթներն ավարտվեցին

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մեկնարկել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը։

Նախորդ դատական նիստին քննվում էր Միքայել սրբազանի խափանման միջոցի հարցը: Դատավոր Արմինե Մելիքսեթյանը Միքայել սրբազանի կալանքը երկարաձգեց մեկ ամսով:

Այսօրվա դատական նիստը սկսվեց Միքայել սրբազանի պաշտպանության թիմի անդամ Արա Զոհրաբյանի եզրափակիչ ելույթով: Մինչ ելույթը, սակայն, վերջինս դատավոր Մելիքսեթյանի նկատմամբ բացարկի միջնորդություն հայտնեց:

Դատավորը համարեց, որ դատավորի որոշման իրավաչափությունը փաստաբանը չի կարող գնահատել, և մերժեց միջնորդությունը:

Կարդացեք նաև

Այնուհետ Արա Զոհրաբյանը սկսեց իր եզրափակիչ ելույթը:

«Միքայել սրբազանի նկատմամբ այս գործընթացը պատվիրված է. մեղադրանքն իրականության հետ կապ չունի»,- ասաց Արա Զոհրաբյանը՝ հավելելով՝ ինքն անձամբ անելու է ամեն ինչ, որ սրա հետ կապ ունեցող յուրաքանչյուր ոք կրի պատասխանատվություն: Իր խոսքի ավարտին Արա Զոհրաբյանը պահանջեց ճանաչել Միքայել սրբազանի անմեղությունը:

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաև Միքայել սրբազանը:

«Անշուշտ, նպատակն ինձ վարկաբեկելն էր՝ հասարակության լայն զանգվածներին ցույց տալու համար, որ հոգևորականը, ում այսքան տարի հարգել եք, հանցագործ է: Բայց հակառակ էֆեկտն ունցավ: Նրանք, ովքեր ինձ չէին ճանաչում, ճանաչեցին: Մյուսները հասկացան՝ իմ գործողություններում խնդիր չկա»,- ասաց Միքայել սրբազանը:

Վերջինս նշեց՝ չկա այնպիսի գաղթօջախ, ուր ինքը չի եղել, հետևաբար՝ այս կատակերգությանը հետևում են ոչ միայն Գյումրիում ու Հայաստանում, այլև ողջ աշխարհում:

«Ինձ հետևում է հայությունը, իսկ հայությունից դուրս ինձ ոչինչ չի հետաքրքրում: Ամբողջ կյանքս շարունակելու եմ ապրել հայ ժողովրդի, հայկական պետականության, որ այսօր զավթված է, և հայ եկեղեցու համար: Շարունակելու եմ ծառայել այս գերբին ու այս դրոշին, որ ոմանք արատավորում են»,- ասաց Միքայել սրբազանը:

Նա պնդեց՝ սա քաղաքական պատվեր է ու քաղաքական հետապնդում այսօրվա իշխանությունների կողմից:

«Շատերին է հայտնի, որ կյանքիս մեծագույն սխալը գործել եմ, երբ 2018թ. ապրիլին ողջունեցի Նիկոլ Փաշինյանին, երբ ինքը կատարում էր իր հեղաշրջումը: Հետ կանգնեցի, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը վարչապետ է ուզում դառնա: Այդ ժամանակից դարձա այս իշխանության աչքի փուշը: Հետապնդումն այդ օրվանից սկսվեց»,- ասաց Միքայել սրբազանը:

Արքեպիսկոպոսը հիշեցրեց՝ ռազմական հեղաշրջման մասին խոսել է 2020թ. պատերազմի օրերին:

«Օրը ճշտեք, ասել եմ՝ ռազմական հեղաշրջում է պետք, այս մարդը (Նիկոլ Փաշինյան.- Գ.Ս.) պետք է հեռացվի, որովհետև նա սպառնալիք է… 2022թ. «168 ժամին» հարցազրույց եմ տվել, դրել են մեղադրանքի հիմքում: Լավ է՝ չեն գնացել «168 ժամի»-ի լրագրողին հարցնեն՝ դու ոնց ես ընկալել Սրբազանի ասածը, որովհետև լրագրողն ասելու էր՝ ոչ մի հեղաշրջման կոչ էլ չի արել էդ մարդը»,- ասաց Սրբազանը:

Նա խոսեց նաև իրավապահներին տրված հրահանգի մասին:

«2024թ. փետրվարին, մարտին, հունիսին, հուլիսին, օգոստոսին, սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին, դեկտեմբերին, 2025թ. հունվար-մայիսին հանցագործ չէի, կամ տեղյակ չէին, 2025թ. հունիսին դարձա հանցագործ, որովհետև հունիսին հայտնի ցավագարը ոտքերը խփել է գետնին, ասել՝ բռնե՛ք դրան: Եթե Ազգային ժողովում է տենց հիստերիա անում, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կաներ, ու գտնում են փետրվարի 2-ի հարցազրույցը»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը:

Նա նաև հիշեցրեց՝ քրեական վարույթը հարուցելուց հետո մի քանի օր ինքը Գյումրիում է եղել, ապա գնացել է Դիլիջան, իրեն չեն ձերբակալել, միայն երբ եկել է Էջմիածին, սադրել են մասկի-շոուն, եկել իրեն ձերբակալելու ու նույն առավոտյան մտել Շիրակի թեմի առաջնորդարան՝ խուզարկության:

«Ոչ քաջ եմ, ոչ արի. Սովորական մարդ եմ, բայց ես երբեք չեմ թաքնվել ուրիշի թիկունքում. Չի եղել նման բան: Էս բոլոր տարիներին ինձ ասում էին՝ սրբազան, Ձեզ գաղտնալսում են, ասում էի՝ թող գաղտնալսեն, ես դավադիր չեմ»,- ասաց Միքայել սրբազանը:

Նրա խոսքով՝ այս իշխանությունը գնում է դեպի ավտորիտարիզմ:

«Բարձրաստիճան հոգևորականների՝ քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունն ավտորիտարիզմի առաջին ցուցիչն է: Ինձ Աստծուց տրված իշխանությամբ ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր կասկածում են իմ անմեղությանը ու կփորձեն իմ անմեղության վրա կայանալով՝ տուն պահել»,- ասաց Միքայել սրբազանը:

Հանրային մեղադրողի արձագանքից հետո դատական նիստը հետաձգվեց՝ պայմանավորված աշխատանքային ժամի ավարտով: Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:30-ին:

Հիշեցնենք` ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել «այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ, հետևաբար, նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները՝ նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։

«Քանի անգամ ասացի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում ա պետք, պատերազմի օրերին ասացի և նախագահներին ասացի՝ Քոչարյանին և Սերժին: Ասացի՝ լավ, Դո՛ւք, պարոն նախագահ Քոչարյան, տասը տարի նախագահ եք եղել, դրանից առաջ մի տարի-երկու տարի էլ՝ վարչապետ, չէ՞, էդքան տարի էլ՝ Ղարաբաղի նախագահ, Դուք Ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունե՞ք, ո՛չ բանակում, ո՛չ ոստիկանությունում, ո՛չ ազգային անվտանգությունում, որ գան Ձեր կողքը կանգնեն և հեղաշրջում իրականացնեն։ Եթե իրենցով է։ Սե՛րժ, դու ավելի՝ տասը տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, ազգային անվտանգության քարտուղար, էլ պաշտոն կա՞, որ չես տարել, հա, Շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունե՞ս, ո՛չ ոստիկանությունում, ո՛չ ազգային անվտանգությունում, ո՛չ բանակում, որ հելել ես փողոց՝ պատիվ ունեմ-մատիվ ունեմ։ Ռեալ պոլիտիկը ինչի՞ մասին էր խոսում, էդ ռեալ պոլիտիկն է, չէ՞, որ ընտրությունով չի, հնարավոր չի սա փոխել։ Ո՞ւր եք գնացել ընտրության, ո՞ւր եք մտել ընտրության։ Նշանակում է՝ ձեր նպատակը փոխելը չի։ Բա ձեզանից լավ ո՞վ պիտի իմանա, որ սա ընտրությամբ չի փոխվի…»,- 2024 թվականին Gala TV-ի տեսագրության մեջ ասել էր նա։

Ի դեպ, մինչ այդ՝ 2020, 2023 թվականներին ևս Միքայել արքեպիսկոպոսը նույնատիպ հայտարարություններ էր արել, սակայն դրանց համար նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։ Ավելին` 2023 թվականին արված հայտարարությունից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Դատախազություն, սակայն վարույթ չի նախաձեռնվել։ Եվ միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հունիսի սկզբին սկսեց իր հրապարակային խոսքում թիրախավորել հոգևորականներին, իրավապահները հիշեցին Աջապահյանի՝ ավելի քան մեկ տարի առաջվա հայտարարությունը, ու վարույթ նախաձեռնվեց։

Դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստերը կկայանան սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:30-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս