
«Այսօր Ֆրանսիան արդեն իսկ Հայաստանի ամենամեծ ռազմական դաշնակիցներից է». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Այսօր Մուսալեռան հերոսամարտին նվիրված հուշահամալիրի տարածքում մի խումբ արվեստագետներ քանդակների, նկարների սիմպոզիում էին պատրաստվում կազմակերպել՝ նվիրված Մուսալեռան հերոսամարտի 110-ամյակին։
Մուսալեռան հերոսամարտի հուշահամալիր էր այցելել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինյին:
168.am-ի հետ խոսելով Մուսալեռան հերոսամարտի և Ֆրանսիայի կողմից լեռան վրա գտնվող հայերին փրկելու մասին, նա նախ ասաց՝ 110 տարի առաջ մուսալեռցիները նախ օգնել են իրենք իրենց։
«Իրենք պայքարող էին և պայքարել են, անշուշտ, Ֆրանսիայի ծովային ուժերն օգնել են հայերին։ Մուսալեռցի երիտասարդների մեծամասնությունը ֆրանսիական բանակում են եղել, շարունակել են կռիվը ֆրանսիական բանակի կողքին։ Փոխադարձ համագործակցությունը քաջության և համագործակցության խորհրդանիշ է։ Ես կփաստեի, որ մեր հարաբերությունները շատ հին են, մենք՝ թե՛ մուսալեռցիները, թե՛ ֆրանսիացիները, հին հիշատակներ ունենք, և ես այսօր շատ ուրախ եմ՝ թե՛ որպես դեսպան, թե՛ որպես Ֆրանսիայի քաղաքացի լինելու այստեղ՝ Մուսալեռան 110-րդ ամյակը մուսալեռցիների հետ միասնաբար նշելու համար»,- նշեց դեսպանը։
Հարցին՝ 110 տարի հետո Ֆրանսիան պատրա՞ստ է կրկին ճակատագրական պահին կանգնելու հայերի կողքին, դեսպանը պատասխանեց.
«Այսօր Ֆրանսիան արդեն իսկ Հայաստանի ամենամեծ ռազմական դաշնակիցներից է»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում