Արմավիրի մարզպետ. Փողոց դուրս գալը խնդրի լուծում չէ (տեսանյութ)

«Այս չափի կարկտահարված համայնքներ միանգամից երբևիցե չի եղել, այս ուժգնությամբ կարկուտ՝ երբեք չենք ունեցել, այս չափի հասցված վնաս՝ երբևիցե չի եղել: Անգամ խոսում են, որ 100 տարի առաջ էլ նման կարկուտ չի եղել: Սա, իրոք, աղետ էր մեր ժողովրդի համար, մեր երկրի համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` պատասխանելով հարցին` ինչո՞ւ էին գյուղացիները փակել Արմավիր-Երևան ճանապարհը՝ հաշվի առնելով այն, որ նախկինում էլ է կարկուտ տեղացել և բերքը վնասել, բայց գյուղացիները երբեք ճանապարհներ չեն փակվել:

Անդրադառնալով հակակարկտային կայանների աշխատանքին` Ա. Ղահրամանյանը նշեց. «Կարկտակայանները բոլորը գործել են: Անգամ Շենավանի հատվածում կարկուտի ուժգնությունն այնքան ուժեղ է եղել, որ լցվել է խողովակի մեջ, հակակարկտային կայանը կեսը կրակելուց հետո՝ չի կարողացել կրակել:

Արմավիրի մարզպետի համոզմամբ` ժողովրդին հասցված վնասն անպայման պետք է լուծում ստանա, բայց ոչ ճանապարհներ փակելու միջոցով: «Փողոց դուրս գալը խնդրի լուծում չէ: Այդ խնդրին լուծում տալն անհրաժեշտ է: Ի՞նչ կարգով կլինի… Համենայնդեպս, փոխվարչապետի հանձնարարությամբ հիմա մեծ խումբ է ստեղծվում՝ և գյուղացիների, և բանկերի հետ համապատասխան աշխատանքներ տանելով: Գյուղնախարարության բոլոր փոխնախարարները, վարչության պետերը եկել են, մենք ձևերը մշակել ենք, տվել ենք համայնքապետերին ու սկսել ենք գյուղերով անցնել՝ տեսնենք ի՞նչ վնաս է հասցվել և այդ ամեն ինչը տեղյակ է պահվել և երկրի նախագահին, և վարչապետին»:

Մարզպետը համայնքներում ունեցած հանդիպումների արդյունքում եկել է այն համոզման, որ ՀՀ կառավարության որոշումը կբավարարի գյուղացիներին և նրանք այլևս փողոց դուրս չեն գա. «Ես համոզված եմ, որ վաղը չէ մյուս օրը կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի և իրենք կտեսնեն, թե կառավարությունն ինչ մոտեցում է ցույց տալիս»:

Ա. Ղահրամանյանի փոխանցմամբ՝ ձեռնարկվել են հետևյալ քայլերը. «Խնդիրը դրվել է հողի, ջրի հարկի միանշանակ օգնության, շուրջ 50 հակակարկտային նոր կայանների տեղադրման, քննարկվում է վարկերի հետաձգման, նաև նոր վարկեր տրամադրելու հարցը: Երկու օր համբերենք, կառավարությունը համապատասխան որոշումը կկայացնի»:

Մենք այսօր հանդիպեցինք նաև Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչների հետ, որոնք թեև սպասում են կառավարության որոշմանը, սակայն, ի տարբերություն Աշոտ Ղահրամանյանի, թերահավատորեն են վերաբերում դրան և պատրաստ են կրկին փակել ճանապարները: Գյուղացիների և գյուղապետերի հետ հանդիպման մանրամասները կներկայացնենք քիչ անց:

Տեսանյութեր

Լրահոս