
Թրամփը «շատ դժգոհ է» Կատարին Իսրայելի հարվածներից

Մերձավոր Արևելք10:14, 10 սեպտեմբերի 2025Թրամփը «շատ դժգոհ է» Կատարին Իսրայելի հարվածներիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ դժգոհ է» Դոհային Իսրայելի հասցրած հարվածի «յուրաքանչյուր ասպեկտից»։
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։«Ես ոգևորված չեմ դրանից։ Դա լավ իրավիճակ չէ, բայց ես կասեմ հետևյալը՝ մենք ցանկանում ենք վերադարձնել պատանդներին, բայց մենք ուրախ չենք, թե ինչպես ամեն ինչ ընթացավ այսօր», – ասել է Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին։
Մինչ այդ Թրամփն իր Truth Social հարթակում հայտնել էր, որ իր վարչակազմը տեղեկացված է եղել Դոհայում ՀԱՄԱՍ-ին հարվածելու՝ Իսրայելի որոշման մասին։ Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ին հարվածելը «արժանի նպատակ է»։
«Այս որոշումն ընդունել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ոչ թե ես։ Միակողմանի ռմբակոծությունը Կատարի տարածքում՝ որպես ինքնիշխան պետության և Միացյալ Նահանգների մերձավոր դաշնակցի, որը շատ ջանասիրաբար աշխատում է և խիզախորեն մեզ հետ միասին ռիսկի է դիմում խաղաղություն հաստատելու համար, չի նպաստում ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ Ամերիկայի նպատակներին: Այնուամենայնիվ, ՀԱՄԱՍ-ի վերացումը, որն օգտվում է Գազայի բնակիչների տառապանքից, արժանի նպատակ է», – գրել է Թրամփը։
Նախագահը հավելել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին հրահանգել է անմիջապես տեղեկացնել Կատարին վերահաս հարձակման մասին, և Ուիթքոֆն այդպես էլ արել է։
«Այնուամենայնիվ, արդեն չափազանց ուշ էր կանգնեցնել հարձակումը», – գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը տեղեկացրել է նաև, որ հարվածներից հետո խոսել է ինչպես վարչապետ Բենիամին Նեթանյահուի, այնպես էլ Կատարի վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանիի հետ։ Թրամփն ալ-Թանիին հավաստիացրել է, որ նման բան այլևս տեղի չի ունենա նրանց հողի վրա։
«Ես հրահանգել եմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ավարտին հասցնել Կատարի հետ պաշտպանական համագործակցության համաձայնությունը», – եզրափակել է Թրամփը։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով Դոհայում զոհվել են իր անդամներից հինգը։