«Ամբողջ գործընթացը հայ-թուրքական սահմանի բացման մասին է». Ռուբեն Ռուբինյանը՝ Քըլըչի ՀՀ այցի մասին

ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական երկխոսության գործընթացում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Թուրքիայի կողմից հատուկ բանագնաց Սեդար Քըլըչի հետ հանդիպումը տեղի կունենա մոտ օրերս Հայաստանում, երբ ժամանակը գա, հանդիպման վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհայտնեն։

«Օրակարգը ներառելու է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ողջ օրակարգը, կքննարկվեն այն քայլերը, որոք մինչ այս արվել են, այն քայլերը, որոնք դեռ ընթացքի մեջ են։

Գիտեք, որ այս տարիների ընթացքում մի քանի թեմա է եղել քննարկման։ Վերջին մեր հանդիպումից հետո հանդիպում տեղի ունեցավ Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնման համար անհրաժեշտ պարամետրերը քննարկելու շուրջ, և այս ամբողջ սպեկտորը կքննարկվի։

Գիտեք, որ թեմա կա Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ. Ընդհանուր գլխավոր թեման հարաբերությունների կարգավորումն է»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը։

Կարդացեք նաև

Լրագրողի հարցին՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված վերջին համաձայնությունները հնարավո՞ր է ազդակ լինեն, որպեսզի հայ-թուրքական հարաբերություններում գործնականում ևս քայլեր արվեն, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ  կարծում է` վաշինգտոնյան համաձայնությունը շատ կարևոր իրադարձություն էր, որը միանշանակ կազդի և՛ տարածաշրջանային գործընթացների վրա, և՛ ընդհանրապես տարածաշրջանից դուրս գործընթացների վրա։

«Այս առումով մենք լավատեսական ենք տրամադրված»,- շեշտեց Ռուբեն Ռուբինյանը։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, Ռուբեն Ռուբինյանը նկատեց՝ այս ամբողջ գործընթացը հենց սահմանի բացման մասին է։

«Հայաստան-Թուրքիայի ամբողջ կարգավորման գործընթացը փակ սահմանի բացման և Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է, և, բնականաբար, քննարկումները հիմնականում դրա մասին է։ Երրորդ երկրների կամ դիվանագիտական անձանց համար սահմանի բացման պայմանավորվածությունը չի իրագործվել ոչ մեր մեղքով, բայց հույս ունենք, որ այն կիրագործվի»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս