
Ճապոնիայի վարչապետը պաշտոնապես հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին

Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան կիրակի օրը հայտնել է, որ մտադիր է հրաժարական տալ։ Այս անակնկալ քայլը տեղի է ունեցել մեկ օր առաջ այն բանից, երբ նրա ղեկավարած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) պետք է որոշում ընդուներ կուսակցության նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, հաղորդում է Kyodo-ն։
Մամուլի ասուլիսի ժամանակ Իսիբան իր հրաժարականի պատճառ է նշել այն, որ իր կառավարությունը «հասել է կարևոր սահմանագծի»՝ ԱՄՆ-ի հետ սակագների շուրջ բանակցություններում։ Նա նաև հավելել է, որ պատասխանատվություն է կրում ԼԴԿ-ի պարտության համար՝ հուլիսին կայացած խորհրդականների պալատի ընտրություններում։
Այս քայլը հաջորդել է շաբաթ երեկոյան Իսիբայի հանդիպմանը՝ նախկին վարչապետ Յոսիհիդե Սուգայի և գյուղատնտեսության նախարար Սինձիրո Կոիդզումիի հետ, որոնք երկուսն էլ Իսիբայի մտերիմներն են։ Համարվում է, որ նրանք փորձել են համոզել նրան՝ խուսափել ԼԴԿ-ում պառակտումից։
Նրա շրջապատից ստացված տեղեկությունների համաձայն, Իսիբան, որը պաշտոնը ստանձնել է 2024 թվականի հոկտեմբերին, պատրաստակամություն է հայտնել դիմակայել ԼԴԿ-ում առաջնորդության մրցույթ անցկացնելու փորձերին՝ սպառնալով լուծարել Ներկայացուցիչների պալատը և նշանակել արտահերթ ընտրություններ։ Այս դիրքորոշումը ԼԴԿ-ի ներսում առաջացրել է բացասական արձագանք։ Մամուլի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցումների համաձայն, հարցվածների ավելի քան 50 տոկոսը նշել է, որ Իսիբայի հրաժարականը անհրաժեշտ չէր։
Այնուամենայնիվ, քաղաքական վերլուծաբանների կարծիքով, ԼԴԿ-ի կողմից նախագահական մրցավազք անցկացնելու՝ գնալով հաճախացող կոչերը ստիպել են նրան հրաժարական տալ։