Անսահման պոպուլիզմ և ցինիզմ. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Ամեն մի ցավալի իրադարձության շուրջ առաջանում է երեք տիպի արձագանք`ա/ անկեղծ մտահոգություն, բ/ քաղաքական շահարկում («վայ, էս ուր ենք հասել», «էս ուր է երկիրը գնում»), գ/ դավադրության տեսություն («միջազգային ուժային կենտրոններից ուղղորդվող մութ ուժերը ոտնձգություն են կատարում մեր անվտանգության նկատմամբ»):
Երկուսում էլ կա պոպուլիզմի որոշակի դրսևորում, որովհետև այդ երկու ուղղություններով խոսակցությունները դուր են գալիս մեր շատ-շատ հայրենակիցներին:
Ես այդ խոսակցությունները լսում եմ մանկուց, հետևաբար` անկախ հասարակարգերից և ռեժիմներից: Երբ հավաքվում էին (են) նվազագույն ինտելեկտուալ հավակնություններ ունեցող մարդիկ, նրանք պարտադիր խոսում էին հրեաների և մասոնական օթյակների մասին՝ «բա դու չգիտես, ախպեր ջան, սաղ աշխարհը հրեաների ձեռնա»: Ես դա ընկալում եմ որպես փոքր ժողովրդի որոշակի բարդույթների արտացոլում. երբ չես կարողանում ստեղծել քոնը, դատողությունների մեկնակետ ես վերցնում ուրիշների բացասական ընկալումը:
Դե, իսկ առաջին արձագանքն ավելի ունիվերսալ արմատներ ունի` նման ընկալումը հատուկ է ոչ միայն աշուղական արվեստին («էրեկ լավ էր, քանց վուր էսօր»), ոչ միայն Խորենացու ողբին, նույն տրամադրություններ կան նաև Հին կտակարանում, մասնավորապես` Երեմիայի մարգարեություններում. «Նայեցի երկրին`ամայի էր, ոչինչ չկար, նայեցի դեպի երկինք` և չկար նրա լույսը»:
Ընդդիմության 20 տարվա քարոզչությունը հիմնված է այս տեսակ ողբի վրա, որը, կրկնեմ` ես կենցաղային խոսակցություններում լսել եմ նաև համեմատաբար կուշտ կոմունիստական ժամանակներում: Ժամանակակից ընդդիմադիրներն այս առումով բավականին տաղանդավոր «նախահայրեր» ունեն` ի դեմս 90-ականների Արշակ Սադոյանի, Սեյրան Ավագյանի և Դավիթ Վարդանյանի, որը խորհրդարանում տվեց առաջին նախագահին իր «պատմական» հարցը այն մասին, թե ինչպես է մեր խեղճ ժողովուրդը գոյատևում մի աշխատավարձով, որով կարող է ամիսը ընդամենը երկու ձու գնել:
Այդ անսահման պոպուլիզմին մշտապես հակադրվում է անսահման ցինիզմը. «Այսօր, երբ մեր երկիրը գտնվում է փաստացի պատերազմի մեջ, որոշ ուժեր, որոնք ուղղորդվում են դրսից` որոշ այլ ուժերի կողմից, ջուր են լցնում մեր հակառակորդների ջրաղացին»:
Որ երկիրը փաստացի պատերազմի մեջ է, դա ճիշտ է, բայց ինչու այդ հանգամանքը պետք է զսպի «որոշ ուժերին» և շարքային քաղաքացիներին, բայց որևէ ազդեցություն չի թողնում իշխանավորների ախորժակի վրա:
Հիշենք ցանկացած հիշարժան իրադարձություն և երկու կողմից կտեսնենք այդ վերաբերմունքը: Ընդդիմությունը փորձում է իր ողբով «ընդհանրացնել» դեպքը և խթան դարձնել բողոքի ալիքի համար, իշխանությունը փնտրում է ժողովրդի միանգամայն անկեղծ ու ինքնաբուխ բողոքի «ուղղորդողներին»: Սպանված զինվորի թաղման շուրջ կողմերի արձագանքը այդ իրավիճակի դասական դրսևորումն է:
Ինչպես այս, այնպես էլ, ասենք, կարկուտի դեպքում անսահման պոպուլիզմի և ցինիզմի հակադրությունը խանգարում է հասկանալ երևույթի բուն պատճառները և լրջորեն քննարկել իրավիճակից դուրս գալու ճանապարհները»: