Մայրիկների ձեռնամարտ՝ դպրոցի առաջ. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր առաջ Ջրվեժի միջնակարգ դպրոցում արտակարգ պատահար է տեղի ունեցել: Առաջին դասարանի աշակերտներն իրար հետ կռվել են, և ծնողները որոշել են միջամտել: Սակայն իրենց ծնողական խոսքն ասելու, երեխաներին բաժանելու ու տուն տանելու փոխարեն նրանք անցել են ձեռնամարտի:
Կռվի մասնակիցները կանայք են եղել, որոնցից յուրաքանչյուրն իր երեխային է պաշտպանել: Նրանք մեկը մյուսի մազերն են պոկել, տապալել են միմյանց ասֆալտին, իրար երես ճանկռել: Այս տեսարանը դիտել են հարակից տների բնակիչները, սակայն ամենաշատն ուրախացել են երեխաները, որոնք մեծ հետաքրքրությամբ հետևել են մամաների տուրուդմփոցին՝ փորձելով պարզել, թե ում մաման է ավելի ուժեղ:
Այժմ այս դեպքով զբաղվում է ոստիկանությունը: Մանրամասները մեզ ներկայացրեց կռվարար մամաներից մեկը: Նա պատմեց, որ այս մարտաֆիլմի մասնակիցներից մեկն ապահովված մայրիկ է, և նրա մասով, հաստատ, քննությունը կարճ կլինի: Ուսուցչուհին նույնպես պատասխանատվություն չի կրի, քանի որ դեպքը եղել է դպրոցից դուրս:
Մեզ հետ զրուցող կինը վախենում էր, որ իրենց՝ «աղքատ» մամաներին, ոստիկանները հանգիստ չեն թողնի: Ջրվեժի դպրոցի տնօրեն Վարդանյանն ասաց, որ միջադեպը եղել է փողոցում, դպրոցի հետ կապ չունի, և որ կռիվը ոչ թե երեխաներն են սկսել, այլ դպրոցի առաջ նրանց սպասող ծնողները:
Մայրիկներից մեկին թվացել է, թե մյուսն իր վրա ծիծաղում է, որից հետո սկսվել է քաշքշուկը: Ըստ տնօրենի, ոստիկաններն ընդամենը բացատրական աշխատանք են տարել կռվարար երկու կանանց հետ, պարզաբանել են նրանց, որ չի կարելի իրար վիրավորել»: