Իրանը խստացրել է վիզային ռեժիմը ՌԴ քաղաքացիների համար

Ռուսաստանի քաղաքացիները այլևս չեն կարողանա ինքնուրույն վիզաներ ձևակերպել Իրան մեկնելու համար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։

Նշվում է, որ վիզան հնարավոր կլինի ստանալ միայն իրանական տուրիստական գործակալությունների միջոցով, որոնց հետ կգործակցեն ռուսական տուրօպերատորները։

Ինչպես հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպանատունը, այս միջոցառումները պայմանավորված են Մերձավոր Արևելքում ստեղծված լարվածությամբ և նպատակ ունեն կանխել «անցանկալի անձանց մուտքը»։

Վիզային ռեժիմի խստացումը հաջորդել է 2025 թվականի հունիսի 13-24-ը Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցած 12-օրյա պատերազմին։ Այդ ընթացքում իսրայելական ավիացիան ճնշել էր Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը և հարվածել առանցքային միջուկային օբյեկտներին՝ վերահսկողություն հաստատելով երկրի կենտրոնական օդային տարածքի նկատմամբ։

Պատերազմից հետո Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի անդամ Սեյեդ Մուհամմադ Սադրը մեղադրել էր Ռուսաստանին՝ պնդելով, թե Մոսկվան տվյալներ է փոխանցել Իսրայելին Իրանի ՀՕՊ կենտրոնների մասին։ Նա նաև անօգուտ էր անվանել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը։

Տեսանյութեր

Լրահոս