Նիկոլ Փաշինյան. Ինչպե՞ս է պատահել, որ 105 հակակարկտային կայանները փուստ են տվել

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց. «Տպավորիչ էր Ձեր խորհրդակցությունը` չնայած չհասկացվեց` ինչպե՞ս է պատահել, որ 105 հակակարկտային կայանները փուստ են տվել, չեն կատարել իրենց աշխատանքը: Գյուղացիներից մեկն էլ ինձ հարցնում էր` կարող ա՞ մայիսի 5-ից հետո այդ կայանները Հանրապետական կուսակցության հրավառությանն են մասնակցել դրա համար կարկտահարությունը չեն կանխել»:

Ի պատասխան, Տիգրան Սարգսյանն ասաց, թե իրենք ոչ պակաս են շահագրգռված, որ յուրաքանչյուր հայ ընտանիքում առկա պրոբլեմները լուծվեն:
Տիգրան Սարգսյանն առաջարկեց հակակարկտային կայանների առումով լսել մասնագետների կարծիքը. «Հասկանալի է, որ կարկուտը էական վնաս է հասցրել, պետությունն էլ պարտավոր է ձեռք մեկնել: Բայց տարածել տեղեկություններ, թե դրանք հարյուր տոկոսով երաշխավորում են, որ կարկուտը վնաս չի հասցնի` նման բան չկա: Աշխարհում չկա: Հակակարկտային կայանները նվազեցնում են վնասի աստիճանը` պայմանավորված նրանով, թե ինչ ուժգնությամբ է տեղում կարկուտը»:

Տ. Սարգայանն ավելացրեց նաև, թե կարկուտը կանխելու համար կան այլ եղանակներ, ինչպես ցանցային մեթոդը, բայց դա, նրա խոսքով, թանկ հաճույք է ու դեռևս անհասանելի մեր տնտեսությանը:

Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց. «Ձեր պատասխանը ապացուցեց, որ տեսախցիկի առջև եք խոստանում ու ես պնդում եմ, որ Ձեր կառավորոևթյունը չի օգնելու գյուղացիներին: Ազնիվ կլիներ, որ ԱԺ ամբիոնից գազի գնի հետ կապված խոստովանեիք, որ գազը թանկանալու է ընտրություններից հետո ու սպասել եք «վստահության քվե» ստանալ հետո թանկացնել գները»:

Ի պատախան՝ Տ. Սարգսյանն էլ ասաց. «Ձեր բնույթն է ու ոճն է` չտեսնել ոչ մի կատարված աշխատանք: Չեք տեսնում, որ առարկայական օժանդակություն է ցուցաբերվում քաղաքացիներին: Դուք չեք ուզում դա տեսնել: Ակնհայտ է, որ կառավարությունն ամեն ինչ արել է, որ գազի գները չբարձրանան: Հեշտ չի եղել, բայց ի՞նչ կա այստեղ թաքցնելու` բանակցել ենք մեր գործընկերների հետ ու կարողացել ենք թույլ չտալ գազի գների բարձրացում ու ամեն ինչ անելու ենք, որ գազի գինն էժան լինի»:

Տեսանյութեր

Լրահոս