Վալտեր Մացարին հեռանում է Նապոլիից. Պաշտոնական
Իտալիայի առաջնության 2-րդ տեղը զբաղեցրած «Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում ինքը չի գլխավորի թիմը:
Մացարին, ով «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց, իսկ 2012 թվականին արժանացավ Իտալիայի գավաթին, հայտարարել է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, բայց ավարտում եմ կարիերաս «Նապոլիում»: Շնորհակալ եմ ակումբի նախագահին և տնօրենին, ովքեր մինչև վերջին պահն ակնկալում էին, որ որոշումս կփոխեմ: Դեռ նախորդ ամռանն էի որոշել հեռանալ, այդ պատճառով էլ պայմանագիրս չերկարաձգեցի:
Առաջարկների դեպքում կմտածեմ: Եթե համապատասխան մոտիվացիա լինի կանցնեմ նոր աշխատանքի, եթե ոչ՝ կմնամ տանը:
Ֆաբիո Կապելոն ասում էր, որ Իտալիայում չի կարելի մի թիմի գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել 5 տարուց ավելի: Վստահ եմ՝ եթե մնայի, որոշ ֆուտբոլիստներ նախկին խանդավառությամբ չէին խաղա»,- Մացարիի խոսքն է մեջբերում Football-Italia-ն:
Իտալական ԶԼՄ-ներն արդեն բազմաթիվ ակումբներ են թվարկում, որոնք կարող է գլխավորել 51-ամյա մասնագետը: Դրանց թվում են «Ինտերը», «Ռոման», «Անժին» և այլն:
««Նապոլիի» նկատմամբ ունեցած խորը հարգանքի պատճառով չեմ նշի ակումբների անունները, որոնք հետաքրքրված են իմ ծառայություններով, բայց գործակալս հետևում է բոլոր առաջարկներին: Վաղվանից ես էլ կանցնեմ առաջարկների ուսումնասիրությանը»:
«Նապոլիի» նախագահը նույնպես շնորհակալություն է հայտնել Մացարիին և հայտարարել է, որ թիմի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի ակումբի պաշտոնական թվիթերի միջոցով: Այդ պաշտոնի հիմնական թեկնածուն Ռոբերտո դի Մատեոն է:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը