Աստված գիտե` որ օլիգարխն է. Ապօրինի ՀԷԿ են կառուցու՞մ

Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղում ապօրինի ՀԷԿ են կառուցում, բարձրաձայնում են գյուղաբնակները: Շինարարությունը, գյուղաբնակների խոսքերով, մեկնարկել է դեռևս մեկ տարի առաջ, և նախատեսված է ավարտին հասցնել այս տարի: Այս մասին galatv.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Կամո Գասպարյանը:

«Մեր գյուղում Արգիճի գետ կա, այդ գետի վրա ՀԷԿ են կառուցում: ՀԷԿ կառուցողը անհայտ է, թե ով ա կառուցում, տեղյակ չենք: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ իմ հողամասի տարածքում են կառուցում: Հողամասը պապենական ես եմ ժառանգել, 1988 թվից մերն է եղել, բայց եկել են ու իմ պապերից ժառանգած հողատարածքի վրա ապօրինի կառույց են անում»,- ասել է Կամո Գասպարյանը:

Վերջինս հայտնել է, որ ՀԷԿ կառուցողները խոստացել են մի քանի օրից հանդիպել և ապացուցել, որ շինարարությունը ապօրինի չեն կատարում: «Նրանք խոստացել են, որ էս երկու օրը պիտի գան, մենք ուզում ենք կանխել, անցած տարվանից են եկել, ես ստեղ չեմ եղել, էկե դրե կառուցել են, մեր գյուղից չեն, թե ի՞նչ օլիգարխ է, Աստված գիտե»,- ասել է Վերին Գետաշեն գյուղի բնակիչը:

Ըստ նրա՝ մեկնարկած շինարարության մասին տեղյակ է նաև իրենց գյուղապետը, ով հայտնել է, թե քարտեզագրման արդյունքում տվյալ հողատարածքը այլևս իրեն չի պատկանում:

Կամո Գասպարյանի խոսքերով՝ իր համագյուղացիները ևս դեմ են ՀԷԿ-ի կառուցմանը, և չնայած այն հանգամանքին, որ շինարարությունը ընթանում է, բայց նրանք թույլ չեն տա այն ավարտին հասցնել:

Տեսանյութեր

Լրահոս